2021 թվականի դեկտեմբերին փոփոխված կարգն արդեն կիրառության մեջ է։ Սոցփաթեթի ծախսման ուղղություններն ավելացել են։ Փոփոխությունների շարքում շահառուների համար էական նշանակության է հետևյալը՝ նախկինում սոցփաթեթից բացառապես օգտվում էր շահառուն, այժմ դրա հնարավորությունը տրված է նաև շահառուի ընտանիքի անդամներին։ Իսկ ովքեր են հանդիսանում ընտանիքից պոտենցիալ շահառուներ, պարզաբանումներ է տվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը։
«Մենք առաջարկել ենք ,որ ընտանիքի անմիջական անդամ համարվի տատը, պապը, ծնողը, որդեգրողը, որդեգրվածը, հոգաբարձության տակ գտնվող անձը, թոռը»։
Փոփոխությունն արվել է այն հիմքով, որ սոցփաթեթում կուտակված գումարները շրջանառություն ունենան կամ առավել ընդգրկուն դառնան։ Շատ հաճախ սոցփաթեթի շահառուն ոչ մի բաղադրիչից չէր օգտվում, իսկ գումարները տարիներով կուտակվում էին։ Լրացուցիչ ծառայությունների ներդրումը կփոխի սոցփաթեթի կիրառման արդյունավետությունը։ Սոցփաթեթի նոր ծառայություններով շահառուները հնարավորություն ունեն օգտվել լողավազանային համալիրներից, մարզասրահներից, առողջարանային կենտրոններից։ Թերևս այս փոփոխությունների ցանկում մարդկանց ավելի անհրաժեշտն ու օգտավետը առողջապահությանն ուղղված առաջարկներն են։
Տվյալ դեպքում, նորություն է ատամնաբուժական ծառայության մասնակի ներառումը։ Սոցփաթեթով շահառուին թույլատրվում է քթի վիրահատություններ միայն ֆունկցիոնալ խանգարումների պարագայում, բայց գումար չի տրամադրվում էսթետիկ հատվածի համար, նույն մոտեցումն է գործում նաև ատամնաբուժականի համար՝ սոցփաթեթով կոսմետիկ փոփոխություն շահառուն չի կարող կատարել , սոցփաթեթը գործելու է միայն բուժական ծառայության համար։
«Մասնավորապես ատամի կարիեսի բուժում , ատամնաքարերի հեռացում ,մաքրում է նախատեսված սոցփաթեթով իրենց ունեցած գումարի շրջանակում ,որի առավելագույն չափը 72․000 դրամ է»,- նշել է Ժորա Սարգսյանը։
Նախկինի պես սոցփաթեթը կիրառելի է վիրահատությունների, առողջական խնդիրների լուծման, դեղորայքային բուժման համար։ Դժվարամատչելի հետազոտությունները դարձյալ մասնակի վճարումով են։
Նոր փոփոխությամբ սոցփաթեթի գումարները կուղղվեն նաև վճարովի մանկապարտեզներին, ուսանողական վարկերը ծածկելուն, ծննդաբերության արձակուրդում գտնվող անձը ևս կստանա։ Շահառուների համար սահմանվել է նաև երաշխիք, որպեսզի սոցփաթեթի շահառուն մեկամսյա ժամկետում այլ աշխատանքի անցնելիս, պահպանի սոցփաթեթից օգտվելու իր իրավունքը։
Նախկին գործող կարգավորումներով սոցփաթեթի գումարները հնարավոր էր միանգամից փոխանցել հանգստի ծառայությանը միայն այն պարագայում, եթե շահառուն արձակուրդում էր գտնվում, հիմա այդ պահանջը հանվել է։ Հանգստի մեկնելիս, անկախ արձակուրդից՝ փաթեթը տրամադրվում է։