ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու նախագծի համար արդեն իսկ հարյուրից ավելի հայտ է ստացվել, հայտնում է «Կենտրոն» հեռուստաընկերությունը։
Հունվարի 14-ին Ծառուկյանը Facebook–ի իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ հայտնելով, որ ուզում է Հիսուսի արձանը տեղադրել Հայաստանում ու նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում։
Հայտերից մեկն էլ մշակույթի գործիչ, բեմադրիչ Ռուբեն Հովհաննիսյանինն է, որի նախագծով՝ հուշարձանային համալիր պետք է կառուցվի։ Այն երեք հարթակ է ունենալու։
«Առաջինում Քրիստոսի կյանքն ու ծնունդը պատկերող հարթաքանդակներ են լինելու, երկրորդում՝ քարանձավ, երրորդում տեղադրվելու են Սուրբ խաչը և Քրիստոսի արձանը»,-«Կենտրոն» ՀԸ հետ զրույցում ասել է Հովհաննիսյանը։
Ըստ նախագծի՝ փրկչի արձանին հասնելու համար երկար ճանապարհ է պետք անցնել. ավտոկայանատեղին հեռու է լինելու։ Հովհաննիսյանի խոսքով՝ Ծառուկյանի այս նախաձեռնությունը համախմբման և միաբանության ծրագիր է։
Նա նշել է նաև, որ իր առաջարկած նախագիծը քննարկել է Ծառուկյանի հետ՝ իրենց մոտեցումները համընկել են, Գագիկ Ծառուկյանն իր կողմից էլ առաջարկներ է ներկայացրել։
Ի դեպ, նախագծերի ընդունման վերջնաժամկետը փետրվարի քսանն է։