Երբ Ադրբեջանը տեսավ Հայաստանում իսկապես բանակաշինություն է ընթանում, սանձազերծեց 2020-ի պատերազմը․ Հրաչյա Հակոբյան. parliamentmonitoring.am
Advertisement 1000 x 90

Երբ Ադրբեջանը տեսավ Հայաստանում իսկապես բանակաշինություն է ընթանում, սանձազերծեց 2020-ի պատերազմը․ Հրաչյա Հակոբյան. parliamentmonitoring.am

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի հետ

-Սոցցանցերում հրապարակվեցին կադրեր, որտեղ ձեր խմբակցության պատգամավորներն են՝ Եռաբլուրում, և երևում է, որ Լուսինե Բադալյանը, գտնվելու վայրին ոչ համապատասխան, շատ բարձր տրամադրություն ունի, լիաթոք ծիծաղում է։ Դուք էլ էիք այնտեղ․ ո՞րն էր այդ ծիծաղի առիթը։

– Անկեղծ ասած՝ ես չեմ էլ նկատել այդ պահը, հետո մամուլում եմ տեսել։

– Բանակի օրվա առիթով ևս նախկիններն իշխանությանը քննադատեցին զինված ուժերը քանդելու մեջ։ Մինչդեռ, ասում են՝ ուժեղ բանակ էին թողել ձեզ։ Ինչպե՞ս կարձագանքեք։

– Կայացած բանակը զինվորին իրենց առանձնատներում շինարարության վրա աշխատացնե՞լը, թե՞ իրենց հողամասերում թուզ և նուռ հավաքելն են համարում։ Ես դա բանակաշինություն չեմ համարում։ Նրանք երկու տասնամյակ բանակաշինությամբ չեն զբաղվել, մենք հիշում ենք նրանց «կոնսերվայի բանկաների կոկոշների» մասին պատմությունը։ Դա բանակաշինությունն ու բանակի կայացում չէր, դա ուժեղ ու մարտունակ բանակի գրավական չէր։ Իսկ այն պահից․ երբ Ադրբեջանը տեսավ, որ Հայաստանում իսկապես բանակաշինություն է ընթանում, երբ Հայաստանում սկսել են բանակը զինել, սանձազերծեց 2020թ․պատերազմը։

– Հակադարձում են, որ դուք զինվորներին ելակով կերակրելով՝ ընդամենը գովազդեցիք ձեզ,և դրա տակ իրականում մեծ կոռուպցիա կա։

– Մենք զինվորներին և՛ ելակով էինք կերակրում, և՛բանակի համար զենք ու զինամթերք էինք գնում։ Պարզապես եթե ելակը հնարավոր էր հանրայնացնել, որ Ադրբեջանն էլ տեսնի, կային բաներ, որոնք պետք չէր ցուցադրել, որ թշնամին չտեսներ, թե մենք ինչ զինտեխնիկա ենք գնում։ Իրենք խոսում են միայն ելակի մասին, մյուս բաների մասին չեն խոսում։ Թող իզուր այդ թեման չշահարկեն։Եթե ելակի տակ կոռուպցիա է եղել, պետք է պատժվեն բոլոր պատասխանատուները։Հիմա բոլորն են տեսնում, որ բանակի հրամանատարության մաս կազմող անձանց նկատմամբ բազմաթիվ քրեական գործեր կան։

– Հատկապես հանրապետականները հայտարարում են, թե ռուսները երկար ժամանակ իրենց համոզում էին, որ գնեն այն ՍՈւ-30 ինքնաթիռները, որոնց հրթիռները չեն վաճառվում, բայց իրենք հրաժարվել են, քանի որ դրանք մեր բանակին պիտանի չէր։ Իսկ դուք դրանց համար վճարել եք բավականին բարձր գին՝ 130 մլն դրամ, և փոշիացրել եք այդ գումարը։

– ՍՈւ-երից զատ շատ այլ զինտեխնիկա էլ է գնվել, այդ թվում նաև՝ հակաօդային պաշտպանություն։ Եվ ես թեև մասնագիտական կարծիք չեմ կարող տալ, բայց տեսնում եմ, որ պատերազմից հետո մեր բանակը բավականին մեծ տեմպերով վերականգնվում է։

– Պարո՛ն Հակոբյան, ընդդիմադիր խմբակցությունները պահանջում են ԱԺ էթիկայի հանձնաժողով ստեղծել և քննել ձեր գործընկեր Վահագն Ալեքսանյանի աղմկոտ հայտարարությունները, վարքագիծը։ Լրագրողական կազմակերպությունները նրանից պահանջում են ներողություն խնդրել։ ՔՊ-ն քննարկե՞լ է այս հարցերը։

– Վահագն Ալեքսանյանը ոչ մի պարկեշտ, անաչառ լրագրողի չի վիրավորել։ Իսկ եթե կան մարդիկ, որոնք վիրավորվել են նրա հայտարարությունից, ուրեմն, իրենց հոգու խորքում ընդունում են, որ այդ խոսքերն իրենց են ուղղված։

-Ձեզ նաև մեղադրում են, որ խոստացաք իրավապահ համակարգում վեթինգ իրականացնել, բայց չարեցիք։ Խոստացաք, որ նախկինների ապօրինի գույքը հօգուտ պետությանը կբռնագանձվի, բայց դրան ուղղված գործընթացներն էլ շատ դանդաղում են։ Ինչո՞ւ։

– Այո, այդ գործընթացը տեղի է ունենում ոչ մեզ համար ցանկալի տեմպերով։ Գործերը շատ են, համակարգը ծանրաբեռնված է, մասնագիտական ներուժը չի բավարարում, որ քննություններնավելի արագ տեմպերով առաջ գնան։ Բացի այդ՝ 20-30 տարում ստեղծած արատավոր համակարգը մեկ-երկու տարում քանդել չի լինում։ Արմատները շատ խորն են։

– ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Սամվել Նիկոյանն ասում է, այն քրեաօլիգարխիկ համակարգը, որը նախկինում «խայտառակեց ՀՀԿ–ին», հիմա ձեր կողքին է և ձեր իշխանությանն է ծառայում։ Համաձա՞յն եք։

-Եթե մեր շարքերում նման մարդիկ կան, որ պետք է մեզ խայտառակեն, ուրեմն, հաջորդ ընտրություններին մեզ չեն ընտրի։

– Իսկ դուք նման մտավախություն չունե՞ք։

– Չունեմ։ Ես բազմիցս ասել եմ, որ ՀՀԿ–ի հետ առնչություն ունենալը դեռ չի նշանակում, որ նրանք կոռումպացված են։ Որոշ հանգամանքներից ելնելով՝ աշխատանքից հեռացնելու կամ այլ սպառնալիքներով ժամանակին մարդկանց ընդգրկել են իրենց շարքերը, բայց դա չի նշանակում, որ նրանք վատն են։

-Կոռուպցիայի մեջ ձեզ մեղադրում են ոչ թե նախկին կոռումպացվածներին մոտ թողնելու, այլ կոնկրետ ՔՊ-ի, իշխանության վերնախավի պատճառով։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի, տարածքային կառավարման նախարար Գնել Սանոսյանի ու այլոց մասին հրապարակումներինու հայտարարություններին ծանոթ եք։

– Բոլոր այն մարդիկ, որոնք կապ կունենան կոռուպցիայի հետ, պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Եվ մենք տեսնում ենք նմանատիպ բազմաթիվ անուններ։ Եթե կապացուցվի այդ մարդկանց հանցանքը, նրանք պետք է պատասխան տան։

parliamentmonitoring.am



Նման նյութեր