Ռուսաստանը, Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման շրջանակում, շարունակում է ԶՈւ ստորաբաժանումներ ուղարկել Բելառուս։ Հանրապետության տարածք են ուղարկվել զենիթային հրթիռա-թնդանոթային «Панцирь-С» համալիրներ։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Նշվում է, որ Բելառուս ուղարկված համալիրների դիվիզիան ներառում է 12 մարտական մեքենա, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել 12-ական զենիթային հրթիռ։
Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումը կիրականացվի 2 փուլով։ Առաջին փուլում՝ մինչև փետրվարի 9-ը, ծրագրվում է Բելառուսում վերատեղակայում և կարճ ժամկետում զորախմբերի ստեղծում, պետական և ռազմական օբյեկտների պաշտպանության կազմակերպում, պետական օդային սահմանի պահպանություն և ՀՕՊ ստուգումներ։
Երկրորդ փուլում՝ փետրվարի 10-20-ը, ծրագրված են «Դաշնակցային վճռականություն 2022» համատեղ զորավարժությունները։