Լավրովի հայտարարությունը սառը ցնցուղ էր Բաքվի համար. ՌԴ արտգործնախարարի ասուլիսի ուշագրավ մտքերը
Advertisement 1000 x 90

Լավրովի հայտարարությունը սառը ցնցուղ էր Բաքվի համար. ՌԴ արտգործնախարարի ասուլիսի ուշագրավ մտքերը

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ամենամյա ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով ադրբեջանցի լրագրողի սադրիչ հարցին, հայտարարեց, որ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների իրականացումը Ադրբեջանի ներքին գործը չէ: Վերջինս հետաքրքրվում էր, թե արդյոք Ռուսաստանը կմիջամտի «Ադրբեջանի ներքին գործերին», եթե ադրբեջանական կողմը նախաձեռնի ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղում: Այս հայտարարությունը սառը ցնցուղ է ադրբեջանական հասարակության համար: Ոչ պակաս հստակ էր բլոգեր Լապշինի հարցի վերաբերյալ հնչած պատասխանը:

ՌԴ արտգործնախարարը Ադրբեջանին սթափեցնող հայտարարություն արեց` հիշեցնելով, որ հիմնախնդրի կարգավորումն ունի լուծման մի շարք տարբերակներ, որոնք հակամարտության ամենաթեժ պահին ընդունել է ՄԱԿ-ը: Լավրովը նաև հայտարարեց` որոշումները սահմանում են, որ հիմնախնդրի կարգավորումը պետք է լինի առանց ուժի կիրառման և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հստակեցմամբ:

«Սա ամրագրված է այն փաստաթղթերում, որոնք մշակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից` համանախագահների միջոցով, ամրագրված է բազմաթիվ հայտարարություններում, որոնք ընդունել են համանախագահ երկրների` ՌԴ, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահները, ինչպես նաև այն հայտարարություններում ու փաստաթղթերում, որոնք ընդունվել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների կողմից: Վեճերի խաղաղ կարգավորումը արձանագրված է այնտեղ ոչ երկիմաստությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Լավրովը:

Նա խիստ ահազանգող համարեց 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արյունալի իրադարձությունները: «Ռուսաստանը որոշիչ դեր ունեցավ արյունահեղության դադարեցման հարցում: Մենք պայմանավորվել ենք Վիեննայում նախագահներ Սարգսյանի և Ալիևի հետ հանդիպման ժամանակ, այնուհետև ՌԴ նախագահ Պուտինը 2016 թվականի հունիսին նրանց հետ համաձայնության է եկել Պետերբուրգում այն մասին, որ հաշվի առնելով փոխադարձ մեղադրանքները, անհրաժեշտ է ստեղծել դեպքերի հետաքննման մեխանիզմ, ավելացնել ԵԱՀԿ դիտորդների թիվը շփման գծում: Դեպքերի հետաքննության անհրաժեշտության մասին խոսվել է նաև 2011 թվականին, երբ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի էր ունենում Աստրախանում: Ցավոք նման տարրական բանը` դեպքերի հետաքննումը և դիտորդների թվի ավելացումը, չի կարող կյանքի կոչվել, քանի որ դեռևս չկա կոնսենսուս»,- ասաց ՌԴ արտգործնախարարը:

Ասուլիսի ժամանակ նա անդրադարձավ նաև Բելառուսում ձերբակալված ՌԴ և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինի խնդրին: Վերջինս նախորդող տարիներին մի քանի անգամ այցելել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ինչի համար հայտնվել է Ադրբեջանի անցանկալի անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն Բելառուսի իշխանություններից պահանջում է Լապշինին արտահանձնել իրեն:

«Մենք դեմ ենք լրագրողի կամ մասնավոր անձանց կողմից այս կամ այն տարածաշրջանում այս կամ այն տարածքն այցելության քրեականացմանը: Մենք դեմ ենք նաև նրան, որ այս կամ այն երկրում ձերբակալված ՌԴ քաղաքացիները արտահանձնվեն երրորդ երկիր: Մենք հյուպատոսի միջոցով կապվել ենք պարոն Լապշինի հետ: Գիտենք, որ նա միաժամանակ Իսրայելի քաղաքացի է և իսրայելցի դիվանագետները ևս նրա հետ կապի մեջ են եղել: Ձեռնարկելու ենք բոլոր միջոցները այս իրադրությունը կարգավորելու` ամբողջությամբ հարգելով ՌԴ քաղաքացու իրավունքները»,- հայտարարեց Լավրովը` նշելով, որ իրենք պահպանում են կապը Լապշինի հետ:

 



Նման նյութեր