«Գյումրին առաջիկայում զբոսաշրջային նոր մշակույթ կառաջարկի: Համայնքապետարանը դուրս կգա մինչ այս որդեգրած պասիվ վիճակից»,- ասում է Գյումրու համայնքապետի տեղակալ Դավիթ Առուշանյանը:
«Շիրակ կենտրոն» հ/կ նախագահ Վահան Թումասյանի կարծիքով՝ վերջին 100 տարվա ընթացքում որպես տուրիստական, պատմական և մշակութային քաղաք՝ որևէ բան չեն ավելացրել:
«Միայն ավելացել են մշակույթի գործիչները, մարզիկները, ովքեր որոշակի ավանդ ունեն, մնացած դեպքերում ոչ մի բան չի ավելացել: Եթե Սովետական Միության տարիներին ինչ-որ բան կառուցվել է՝ քանդվեց, գնաց: Հիմա, օրինակ, թանգարանների տոմսերը թանկացնում են, հետո ասում են՝ Գյումրիում տուրիզմ զարգացրեք: Դա եղավ տուրիզմ զարգացնե՞լ, թե՞ հակառակը: Կամ տեղական իշխանությունը սպասարկման ոլորտի վրա ի՞նչ ազդեցություն պետք է ունենա: Նորմալ կրթական համակարգ չունենք, որտեղ սպասարկման ոլորտի մասնագետներ կպատրաստեն: Գյումրին հիասքանչ քաղաք է: Ախուրյանի մեր ափից Անին տեսնելու հնարավորությունից զրկել ենք ինքներս մեզ ու խոսում ենք Շիրակի մարզի ու մարզում տուրիզմի զարգացման մասին։ Մինչև այդ փշալարերը չի տեղափոխվել և Խարկով գյուղը չի վերականգնվել Շիրակի մարզում՝ տուրիզմ չի զարգանա: Մնացածը դատարկ խոսքեր են, կամ ընդամենը կունենանք տուրիզմի տնազը»,- ասաց Վահան Թումասյանը:
Նրա խոսքով՝ տուրիզմը զարգացնելու համար ամբողջ մարզին պետք է ուշադրություն դարձնել:
«Տուրիզմի հայկական ֆեդերացիայի» նախագահ Մեխակ Ապրեսյանն էլ ընդգծեց՝ ոչ միայն Գյումրիում, այլև ամբողջ Հայաստանում խնդիր են ճանապարհային նշանները, տեղեկատվական ցուցանակները:
«Ամբողջ ճանապարհները տեղեկատվական ցուցանակներով կահավորելու խնդիր ունենք: Ինչ վերաբերում է Գյումրիին, ապա բավականին առաջընթաց կա վերջին տարիների ընթացքում: Երբ ավարտվի Հյուսիս-Հարավի կառուցումը՝ զգալիորեն կկրճատվի Գյումրի հասնելու ժամանակը: Երբ լուծվում է այս կամ այն զբոսաշրջային վայրի հասանելիությունը, այն խթանելու է զբոսաշրջության զարգացմանն ու ակտիվությանը: Գյումրին արհեստների ու արվեստների քաղաք է, պետք է ամենը գեղեցիկ ձևով կարողանանք փաթեթավորել, դարձնել զբոսաշրջային արդյունք և ներկայացնել: Գյումրիում պետք է վերականգնեն փառատոները, կազմակերպեն մշակութային միջոցառումներ, որ կյանքն այնտեղ հետաքրքրանա: Պետք է լուծեն նաև զբոսաշրջային ավտոմեքենաների համար հատուկ, անվճար կայանատեղերի խնդիրը, որ հետո խնդիրներ չառաջանան»,- նշեց Մեխակ Ապրեսյանը:
Անի Կարապետյան