Ինչ անել «օմիկրոնի» առաջին նշանների դեպքում
Advertisement 1000 x 90

Ինչ անել «օմիկրոնի» առաջին նշանների դեպքում

Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը նկարագրել է բուժման մեթոդները, երբ ի հայտ են գալիս կորոնավիրուսի օմիկրոն շտամի առաջին ախտանշանները։ Այդ մասին նա կիսվել է «Аргументы и факты» թերթին տված հարցազրույցում։

Բժշկի խոսքով՝ մարմնի ջերմաստիճանի 38 աստիճան և ավելի  դեպքում պետք է ընդունել պարացետամոլ, որի առավելագույն չափաբաժինը օրական երեք գրամ է։ Գրիպի, մրսածության դեպքում մասնագետը խորհուրդ է տալիս ողողել քիթը աղի լուծույթներով, որոնք վաճառվում են գրեթե բոլոր դեղատներում։

Բժիշկը նկատել է նաեւ, որ ընդհանուր թուլությունն ու կոկորդի ցավը երբեք չի կարելի բուժել հակաբիոտիկներով, քանի որ դրանք ոչ միայն չեն ազդում վիրուսների վրա, այլ նաև ձեւավորում են կայունություն անտիբիոտիկների նկատմամբ։ Մյասնիկովը  զգուշացրել է նաև սահմանափակել ստերոիդ հորմոնների և արյունը նոսրացնող դեղամիջոցների ընդունումը, որոնք նշանակվում են հատուկ ցուցումների համար։

Օմիկրոն շտամը հայտնաբերվել է Բոտսվանայում և Հարավային Աֆրիկայում անցած նոյեմբերին: Հետազոտողների կարծիքով՝ դրանով կարող են վարակվել նրանք, ովքեր արդեն հիվանդացել և պատվաստվել են։ Նոր տարբերակն արդեն իսկ հայտնաբերվել է ավելի քան 110 երկրներում։