Հունվարի 15-ին Մադրիդում դռները բացեց Մեսրոպ Մաշտոցի անվան հայկական կիրակնօրյա դպրոցը:
Ինչպես «Հայերն այսօր»-ին հայտնում է Աղավնի Գրիգորյանը՝ Իսպանիայում ապրող հայ մանուկներն այսուհետ հնարավորություն կունենան պահպանելու հայ խոսքն ու ծանոթանալ հայ մշակույթին ու պատմությանը: Ինչպես նշեցին դպրոցի ուսուցիչներն` այս պահին առաջնային նպատակն է, որ օտարության մեջ ապրող հայ մանուկը լինի տառաճանաչ, չմոռանա իր արմատները, լեզուն ու գիրը: Հայոց լեզվի դասերին զուգահեռ դպրոցում կանցկացվեն երաժշտության, նկարչության, ազգային ավանդական պարի, հայոց պատմության ու հայ եկեղեցու պատմության դասեր:
Երիտասարդ նվիրյալ ուսուցիչներն իրենց սաներին և ծնողներին ներկայացրեցին դպրոցի գործունեության հիմնական սկզբունքներն ու դրույթները, հավաստիացրին, որ կանեն ամեն հնարավորը` դասերը հետաքրիր ու արդյունավետ անցկացնելու համար: Դպրոցի առօրյան այդքանով չի սահամանափակվի. նախատեսվում է կազմակերպել տարբեր միջոցառումներ, հանդիպում-զրույցներ, էքսկուրսիաներ դպրոցի սաների մասնակցությամբ:
Մադրիդի «Հայ Տուն» մշակութային միությունն իր առանձնահատուկ շնորհակալությունն է հայտնում ՀՀ սփյուռքի նախարարությանը` գրքեր, դասագրքեր տրամադրելու և արտերկրում հայապահպան գործունությանը նպաստելու համար:
Դպրոցի կայացման գործում մեծ ներդրում ունեն Իսպանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանությունը, Մադրիդի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին:
Արդեն տասներեք հայ մանուկ անցկացրին իրենց առաջին դասը: Բարի երթ դպրոցին ու կանաչ ճանապարհ մեր երեխաներին: