Կառավարությունը կարևորում է արհեստական բանականության դերը և առանց դրա կիրառման ուղղակի անհնար է տնտեսությունը զարգացնել:
Երևանում տեղի ունեցած «Արհեստական բանականության հեռանկարները Հայաստանում» համաժողովի ժամանակ այս մասին ասաց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը:
Խաչատուրյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ ստեղծվել է տեղեկատվական համակարգերի կառավարման խորհուրդ, որի ղեկավարն է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:
«Հայաստանի Հանրապետությունում կա կառույց, որը թվային բարեփոխման կամ փոփոխությունների այս գործընթացը պետք է կառավարի, և այս աշխատանքները հասկանալի է, որ առանց հանրային սեկտորի և մասնագիտական շրջանակների աջակցության չեն կարող իրականացվել: Այս միջոցառումը այդ ենթատեքստում մենք շատ կարևորում ենք»,- ասաց Խաչատուրյանը:
Նախարարը նշեց, որ այն ծրագրերը, որոնք նախարարությունը իրականացնում է, առանց արհեստական բանականության ուղղակի լուծելի չեն:
Համաժողովի նպատակն է կրթության ոլորտում արհեստական բանականության հեռանկարների վերաբերյալ նոր գաղափարների փոխանակման հարթակում հետաքրքիր և բազմաբովանդակ քննարկումների ծավալումն է, որի արդյունքում ակնկալվում է համատեղել պետական մարմիններին, դոնոր համայնքներին, տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերություններին, ինչպես նաև ակադեմիական շրջանակի ներուժը, ձևավորել համատեղ օրակարգ և համագործակցային կայուն շրջանակ: