Միջազգային Commonspace.eu վերլուծական-տեղեկատվական կայքում հունվարի 31-ին հրապարակվել է «Հայաստան-Ադրբեջան կապն ունի վճռական նշանակություն Հարավային Կովկասի ապագայի համար, ինչպես նաև կարևոր է արտերկրում գործընկերների համար» վերնագրով հոդված, որում ներկայացվում են հետպատերազմյան իրավիճակը Հայաստանում և Ադրբեջանում, ինչպես նաև դրա շուրջ ծավալվող գործընթացները:
«Խաղաղասիրական» ոգով գրված ծավալուն հոդվածում, որում գրեթե ոչ մի խոսք չկա Արցախի, Արցախի ժողովրդի ներկայի և ապագայի մասին, նշվում է, որ, չնայած 30-ամյա ատելությանը, երկու երկրներում էլ «հնարավորություն է ստեղծվել հասնելու տևական խաղաղության»: Հոդվածում նշվում են տրանսպորտային հաղորդակցության բացման հեռանկարները, դրա օգուտը կողմերի համար:
«Պատերազմի աղմուկն ու հոտը տիրում էին Հարավային Կովկասում ավելի քանի 3 տասնամյակ: Սերունդ է մեծացել` չիմանալով ուրիշ ոչնչի մասին, իսկ նրանց հաջորդում են ուրիշները: Այս միտումը պետք է կոտրել: Մենք պարտավոր ենք այս և ապագա սերունդների առաջ աշխատել հանուն տարածաշրջանում խաղաղության և համագործակցության…», – եզրափակում են հեղինակները:
Հոդվածում ոչ մի տող անգամ չկա պատերազմից առաջ, պատերազմում, պատերազմից հետո Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականության, հայատյացության, հանցագործությունների մասին, ՀՀ տարածքներ ապօրինի ներխուժման մասին: Հոդվածը չի նշում, թե ինչ կարելի է անել, որպեսզի հայատյացությամբ սնված ադրբեջանցիները, հայատյացությունն իրենց առաջնահերթությունը դարձրած ադրբեջանական պետությունը դադարեն ամեն օր, անգամ պատերազմից հետո, հակահայկական քաղաքականությունը, որն արդեն դարձել է հարևան պետության «օդն ու ջուրը»:
Անհրաժեշտ ենք համարում նաև անդրադառնալ հոդվածագրերին, կայքին և դրա ղեկավարներին: Այսպես՝ հոդվածը համահեղինակել են ադրբեջանցի Ռամազան Սամադովը և հայ Ջոնի Մելիքյանը. Սամադովը Բաքվից անկախ փորձագետ է (համենայն դեպս, կայքում այդպես է նշվում), իսկ Մելիքյանը «Օրբելի հետազոտական-վերլուծական կենտրոնի» ավագ գիտաշխատող է:
«Օրբելի» կենտրոնը ՀՀ վարչապետին կից տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը (հայտնի «ֆեյքերի ՊՈԱԿ») ենթակա կառույց է, որը համարվում է «ուղեղային կենտրոն»: Հետևաբար, ՀՀ վարչապետի և նրա իշխանության վարած ակնհայտ «խաղաղասիրական», պրոադրբեջանական քաղաքականությունը տարածվում է նաև ՊՈԱԿ-ի և նրան կից կառույցների վրա:
Հայ և ադրբեջանցի վերլուծաբանները ներգրավված են Հարավային Կովկասում ամուր խաղաղությանը աջակցմա, վստահության ներշնչման աշխատանքային խմբում, որը ԵՄ աջակցությամբ գործող LINKS Europe կազմակերպության նախաձեռնությունն է, ստեղծվել է Հաագայում` առաջ տանելով հակամարտությունների խաղաղ լուծումը և անվտանգ ու զարգացող Եվրոպայի գաղափարը` հարևանների հետ համերաշխ գոյակցությամբ:
Նշենք, որ LINKS Europe-ը ղեկավարում է Դեննիս Սամութը, որը, չնայած որդեգրած «չեզոքությանը», աչքի է ընկել պրոադրբեջանական կեցվածքով: