ԱՄՆ Պետդեպարտամենտը Բելառուս մեկնելուց խուսափելու մի քանի պատճառների ցանկին ավելացրել է ևս մեկը՝ նախազգուշացրել է Ուկրաինայի հետ երկրի սահմանների երկայնքով ռուսական զորքերի «արտասովոր և անհանգստացնող» կենտրոնացման մասին։
Մոսկվան և Մինսկը նշում են, որ ռուս զինծառայողները Բելառուսում են՝ մասնակցելու համատեղ զորավարժություններին, որոնք կրում են պաշտպանական բնույթ և վտանգ չեն ներկայացնում որևէ մեկի համար։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի և Բելառուսի զորավարժությունները ռիսկային է գնահատել դաշինքի և Ուկրաինայի համար.
«Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական անսովոր և անհանգստացնող ռազմական ակտիվության աճի պատճառով ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Բելառուսում կամ մտածում են այնտեղ մեկնելու մասին, պետք է տեղյակ լինեն, որ իրավիճակն անկանխատեսելի է, և տարածաշրջանում լարվածության աճ կա»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
Նախօրեին Պետդեպարտամենտը կագադրել էր տարհանել այնտեղ աշխատող ամերիկացիների ընտանիքներին: Բելառուս չմեկնելու այլ պատճառների թվում ԱՄՆ իշխանությունները անվանում են «օրենքների կամայական կիրառումը և կալանավորման ռիսկերը» տեղական իրավապահ մարմինների կողմից: Երկիր մուտքի սահմանափակումները պայմանավորված են նաև COVID-19-ի տարածմամբ:
«Բելառուսում ԱՄՆ քաղաքացիներին սովորական կամ շտապ ծառայություններ մատուցելու ԱՄՆ կառավարության կարողությունն արդեն զգալիորեն կրճատվել է՝ Բելառուսի կառավարության կողմից ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների թվաքանակի վրա դրված սահմանափակումների պատճառով»,- ասվում է նաև հաղորդագրության մեջ: