Երևանի Ռուսական տունը ռուսաց լեզվի եռամսյա դասընթացներ է կազմակերպում Սյունիքի մարզի ոստիկանության աշխատակիցների համար։ Տեղեկությունը հրապարակվել է Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի («Русский дом») ֆեյսբուքյան էջում։
Ռուսերենի անվճար դասերին մասնակցելու համար արդեն 12 մարդ է գրանցվել։
Անցած տարվա դեկտեմբերին Երևանի Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը Կապան կատարած այցի ընթացքում Սյունիքի մարզի ոստիկանության բաժնի պետ Ալիկ Մամիկոնյանի հետ քննարկել է հարցը։
Լեզվի դասընթացներին զուգահեռ իրավապահները նաև ուսումնասիրելու են տարբեր հրահանգներ, կանոններ ու պաշտոնական փաստաթղթեր, ձեռք են բերելու առօրյա մասնագիտական ոլորտներում հաղորդակցման հմտություններ, տարբեր փաստաթղթեր կազմելու կանոններ։ Ծանոթանալու են Ռուսաստանի պատմությանն ու մշակույթին։