Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ու Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի` փետրվարի 4-ին նախանշված համատեղ համերգը հետաձգվել է շուրջ 2 ամսով։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Ազգային ակադեմիական երգչախմբի տնօրեն Դավիթ Թերզյանը։
Նրա խոսքով` պատճառը երաժիշտների շրջանում տարածված կորոնավիրուսն է։
«Երեկվա դրությամբ ֆիլհարմոնիկի 15 առաջին ջութակները հիվանդ էին։ Իսկ ֆիլհարմոնիկում ընդամենը 16 առաջին ջութակ կա։ Այսինքն` առանց առաջին ջութակի չենք կարող։ Վալտորնահարներից 4–ը հիվանդ են` դրական թեստով, բավական մարդիկ հիվանդ են։ Դա է պատճառը»,– ասաց Թերզյանը։
Տնօրենը նշեց, որ կորոնավիրուսը շատ արագ տարածվում է երաժիշտների շրջանում. հերթով վարակվում են։
«Ըստ երևույթին, սկզբում առաջին ջութակներից ինչ–որ մեկն էր հիվանդացել, որովհետև հիմնականը հենց նվագախմբի այդ հատվածն է վարակվել։ Դրա համար մենք որոշեցինք հետաձգել: Վտանգավոր է։ Եթե երգչախումբն էլ միանա, ժողովուրդն էլ գա, նստի դահլիճում, վիճակը 100 տոկոս ավելի վատ կլինի»,– ասաց նա։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am