Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի բնակիչներին մոտալուտ գարունը նոր խնդիրների առաջ կկանգնեցնի։ Թե որտեղ են արածեցնելու անասուններին՝ չգիտեն․ ոչ արոտատեղի կա, ոչ՝ հովիվ։ Գյուղապետ Սիմա Չիտչյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է՝ այն դեպքից հետո, երբ ադրբեջանցիները կրակ են բացել հովվի ուղղությամբ, անասուններին էլ տարել, գյուղացիներից ոչ մեկը անասուններին սար չի տարել․
«Հիմա ձմեռ է, չենք հանում արոտ, բայց գարնանը հո չենք կարող գոմում պահել։ Անասունների մեծ մասը վաճառել են, որ կարողանան գոնե մի քանի կով պահեն։ Հատը 2000 դրամով տուկ են առել։ Առնովի խոտով քանի՞ անասուն պիտի պահեն»։
Մինչև հիմա ադրբեջանցիների կողմից հափշտակված 80 կովի համար կութեցիները ոչ մի փոխհատուցում չեն ստացել։ Գյուղապետն ասում է՝ պաշտոնյաներ եկել են, զրուցել գյուղացիների հետ, բայց ոչ մի արդյունք չի եղել։
«Սոցիալական շատ ծանր վիճակում են անասուն կորցրած ընտանիքները։ Հինգ ընտանիք են, ոչ մի տեղ չեն աշխատում․ նրանց եկամտի աղբյուրն էդ անասուններն էին»,-նշել է Չիտչյանը։
Զրկվելով արոտավայրերից ու խոտհարքերից՝ կութեցիները ստիպված խոշոր եղջերավոր անասունների մեծ մասին շուկայականից բավականին ցածր գնով՝ կիլոգրամի դիմաց 1100-1200 դրամով, վաճառել են։
Հարցին, թե ինչու են այդքան էժան վաճառել, գյուղապետը պատասխանեց՝ նիհար էին, խոտ չկար, որ ուտեին։
Աղբյուր` Փաստինֆո