Գիտնականները միջոց են գտել՝ վերականգնելու հոտառությունը կորոնավիրուսով վարակվելուց հետո։ «Իզվեստիա»-ի հաղորդմամբ՝ այս հարցում կարող է օգնել լազերային թերապիան։
Նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ հոտերի նկատմամբ անզգայունությունը COVID-19-ի տարածված ախտանիշն է, որը սովորաբար անհետանում է մի քանի շաբաթվա ընթացքում։ Որոշ դեպքերում անոսմիան կարող է մարդու մոտ մնալ ավելի երկար։ Տեխասի համալսարանի ամերիկացի գիտնականները կարծում են, որ դա կարող է պայմանավորված լինել հոտառական էպիթելիի՝ քթի լորձաթաղանթի վնասվածքով։ Իսկ նման դեպքերում, նրանց կարծիքով, հիվանդներին կարող է օգնել բջիջների ռեգեներացիան։
Գիտնականների կարծիքով՝ լազերների, լուսադիոդների եւ լայնաշերտ լույսի օգտագործման վրա հիմնված ֆոտոբիոմոդուլյացիոն թերապիան կօգնի վերականգնել հոտառությունը։
Սամարայի պետական բժշկական համալսարանի քիթ-կոկորդ-ականջաբանության ամբիոնի վարիչ Տատյանա Վլադիմիրովան կարծում է, որ ֆոտոթերապիան անոսմիայի բուժման համար կարող է արդարացված լինել, սակայն այն խորհուրդ է տրվում օգտագործել այլ մեթոդների հետ համատեղ: