Արձանաշինությունը մեր եկեղեցուն հարիր չէ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանը` անդրադառնալով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի` Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու նախագծին։
Օրեր առաջ Ծառուկյանը տեղեկացրել էր, որ Հայաստանում Հիսուսի արձանը տեղադրելու մտադրություն ունի և նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում։ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։ Այս նախաձեռնությունը բազմաթիվ քննարկումների և քննադատությունների տեղիք է տվել սոցցանցերում։
«Մեր եկեղեցուն հարիր չէ արձանաշինությունը, սակայն այս թեմայի առնչությամբ ավելի մանրամասն կտեղեկացնենք Մայր Աթոռի դիրքորոշումը»,–ասաց տեր Եսային։
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն էլ շեշտեց` արձանները մեր եկեղեցու ավանդությանը հարիր չեն, առավել ևս Քրիստոսի, Աստվածամոր արձանները տեղադրելը։
«Արձանաշինությունը կաթոլիկ եկեղեցուն է հարիր, այնտեղ տարածված է դա, բայց հայ եկեղեցու և հայկական ավանդության մեջ չկա նման բան, նույնիսկ մերժված է եղել դարեր շարունակ»,–ասաց սրբազանը։
Հարցին, թե նախաձեռնողների կողմից հոգևորականների հետ քննարկում եղե՞լ է` սրբազան հայրը պատասխանեց, թե չի կարծում, թե եղել է, քանի որ ինքն էլ տեղյակ կլիներ։ Նրա խոսքով` երկրում այս պահին շատ ավելի կարևոր խնդիրներ ունենք, քան մեզ քրիստոնյա ձևացնելը։ Օրինակ, ըստ սրբազանի, հավատքի հարցում ավելի լավ է քրիստոնյա դառնալ, քան ձևանալ. գոնե այդ հարցում անելիքներ շատ ունենք։
«Կառավարությունն ասում է, որ իրենք են իրավասու արձանը կառուցելու առնչությամբ թույլտվություն տալու կամ չտալու հարցում` եկեղեցին իրավասություն չունի։ Է, հա, մարդն ինչ ուզում է կանի` ուզեն Բուդդայի արձանն էլ կդնեն, ի՞նչ է եղել։ Բայց, այ, Մուհամմեդի արձանը տեղադրել չեն համարձակվի»,–կատակով ասաց սրբազանը։
Նա հավելեց, որ արձանները մեզ չեն դարձնի քրիստոնյա, ընդհակառակը, արձանը կարող է «փոխարինել» Աստծուն, հեռացնել մեզ քրիստոնեությունից։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am