Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը դարձել է Balenciaga-ի պաշտոնական դեսպանը։ Մոդելը բազմաթիվ անգամներ կրել է ֆրանսիական նորաձեւության տան հագուստը՝ «Met Gala»-ի, «SNL»-ի, ինչպես նաեւ քաղաքային զբոսանքների ընթացքում։
Ինստագրամում Balenciaga-ի պաշտոնական էջից հեռացվել են նախկին բոլոր հրապարակումները, որոնց փոխարեն մեկն է հայտնվել։ Լուսանկարում Քիմը սեւ հագուստ է կրում։ Գովազդային արշավի հետաքրքիր տարրերից մեկը նեոնային կանաչ պայուսակն է, որի վրա առկա է K.K.W. գրությունը՝ Քիմ Քարդաշյան Ուեսթ։ Լուսանկարների հեղինակը Ստեֆ Միտչելն է։
Ուրախալի լուրը հետեւորդներին հայտնել է նաեւ նորաձեւության տան ստեղծագործական տնօրենը՝ Դեմնա Գվասալիան։ «Վերջապես։ Քիմ Քարդաշյանը Balenciaga-ի նոր գովազդային արշավի դեմքն է»,- գրել է դիզայները։ Նա նշել է, որ հեռուստաաստղի բոլոր նկարներն արվել են Կալաբասասում գտնվող նրա տանը։