Երդվել էի Հադրութի, Շուշիի մասին չերգել… Շուշան Պետրոսյանը` «Շուշի» երգի և վախերի մասին. armlur.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Երդվել էի Հադրութի, Շուշիի մասին չերգել… Շուշան Պետրոսյանը` «Շուշի» երգի և վախերի մասին. armlur.am

Օրերս ՀՀ վաստակավոր երգչուհի Շուշան Պետրոսյանը հանրության դատին հանձնեց «Շուշի» ստեղծագործությունը, որը սիրո խոստովանություն է չքնաղ Շուշիին եւ կարոտի արտացոլանք։ ArmLur.am-ը երգի գաղափարի եւ ստեղծման մասին զրուցել է երգչուհու հետ։

Տիկի’ն Պետրոսյան, «Շուշի» ստեղծագործությունը ինչպե՞ս ստեղծվեց։

-Երաժշտությունն ու խոսքերի հեղինակը Աննա Հովներն է ու ուրախ եմ ու շնորհակալ, որ ցույց տվեց ինձ այս սիրուն սիրո խոստովանությունն ու դրաման՝ զետեղված մի երգում։ Յուրաքանչյուր հայ զգացել է Աննայի ու իմ ապրածն այս երգի ծնունդով։

Իսկ ինչո՞ւ հենց «Շուշի»…։ Ի՞նչ մեսիջ է այն հաղորդում, ո՞րն է գլխավոր գաղափարը, որ կուզենայիք փոխանցել Ձեր ունկնդրին։

-Իսկ էլ ի՞նչ, եթե ո՛չ Շուշի։ Ի սկզբանե երդվել էի ինքս ինձ, որ որեւէ երգ Շուշիի, Հադրութի մասին չեմ երգելու, որ չդառնան Էրգրի երգերի նման կարոտի երգեր։ Բայց այս երգում մի նախադասություն կար, որ փոխեց ամեն-ինչ ու հասկացա, որ պիտի երգեմ ու անպայման։ Հասկացա, որ պիտի չնկճվենք ու մեր վերքերը պետք է սպեղենք, ամրանանք ու ոտքի ելնենք։ Լույսի դուռը բացվելու է, հավատացած եղեք։

Ձեր երգերը մեծ հուզականություն եւ առ հայրենիքը մեծ սեր են պարունակում։ Ի՞նչ մտավախություններ եք ունեցել այն կատարելիս։

-Մտավախություններ չկան, վայրէջքներին հաջորդում են վերելքները ու ամեն փորձություն մարդու համար է, հատկապես հայի համար։ Հետեւեք մեր պատմությանը…

Գիտեմ ծանր թեմա է, բայց շատերն արդեն համակերպվել են կամ էլ վախենում են խոսել, Դուք ի՞նչ արձագանքներ եք լսել տեսահոլովակի պրեմիերայից հետո։

-Արձագանքները գոտեպնդող են, կամք են ու ուժ։ Շնորհակալ եմ բոլորին նույնանման վերապրելու համար։ Աննա Հովներին, «Արդինի» ստուդիային, Վահե Յանին, Սուրեն Թադեւոսյանին ու բոլոր-բոլորին, որ կողքիս էին երգն ու տեսահոլովակը ստեղծելիս ու արձագանքողներին… Համակերպվողը ողորմելի, անարժանապատիվ տեսակն է: Եռաբլուրը վրեժ է շնչում, ի՞նչ համակերպվելու մասին է խոսքը։ Վախենալ ինչի՞ց, ակնհայտը, դավաճանությունը բարձրաձայնելու՞ց, այդ դեպքում նույնքան մեղք ունեն կորսված երկրի ու տղերքի առջեւ։

Անարժանիների մասին չխոսենք, լա՞վ։

Ինչպես իմ հետախույզ ընկերներն էին ասում մարտական առաջադրանքի մեկնելիս՝ «Լավ է լինելու»։

armlur.am

 



Նման նյութեր