Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի պաշտոնանկությունն ուղեկցվեց մեծ աղմուկով։ «ՔՊ»–ականներն ասում էին, որ նա «ՔՊ»–ից դուրս գալուց հետո միաբան չէ իշխող քաղաքական ուժի որդեգրած քաղաքականության հետ։ Հայկ Մարությանն էլ քաղաքապետի պաշտոնում իր վերջին ելույթում ինչ–ինչ ակնկարկներ էր անում իշխող ուժի՝ «հեղափոխական արժեքներից» շեղվելու մասին։ Ինչու Հայկ Մարությանի և «ՔՊ»–ի ջրերը նույն առվով չհոսեցին, այդպես էլ անհայտ մնաց։ Բայց հասկանալի էր, որ Մարությանին նման ձևով պաշտոնանկ անելուց հետո իշխող ուժը չի հանգստանալու։ Հենց այդ ժամանակ ԶԼՄ–ները խոսում էին այն մասին, որ Մարությանի դեմ քրեական գործեր են նախապատրաստվում։
Եվ ահա AntiFake.am–ին հայտնի դաևձավ, որ Մարությանը նախորդ տարվա վերջին քննչական մարմինների կողմից կանչվել է «վերելակների» և մի քանի այլ քրեական գործերով հարցաքննության։ Սակայն ցուցմունք տալու փոխարեն Մարությանը սպառնացել է իրեն հետագայում այդ գործերով անհանգստացնելու դեպքում աղմկահարույց բացահայտումներ անել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նա մասնավորապես ասել է, որ իրեն կանչողները գնան, զեկուցեն իրենց հրահանգ տվողներին, որ եթե համարձակվեն քրեական գործեր հարուցել վերելակների ձեռքբերման և Երևանի քաղաքապետարանի գործունեության հետ կապված այլ հարցերով, ապա ինքը ձայնագրություններ կհրապարակի, թե ինչպես են Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը, նրա աներձագը՝ «ՔՊ»–ական պատգամավոր Հրաչյա Հակոբյանը և Փաշինյանի այլ մտերիմներ միջամտել քաղաքապետարանի գործունեությանը, կարգադրություններ տվել իրեն վերելակների ձեռքբերման և այլ հարցերի հետ կապված։ Մարությանը խոստացել է քրեական գործ հարուցելու և իրեն հանգիստ չթողնելու դեպքում եթերով հրապարակել իր ասածները ապացուցող ձայնագրությունները։ Այդ դեպքից հետո քննիչները դեռևս Հայկ Մարությանին «չեն անհանգստացրել»։
Փաստորեն, ոչ միայն Փաշինյանն է կոմպրոմատներ հավաքում իր թիմակիցների վրա՝ պատեհ պահին նրանց «նախկին» դարձնելու ու այդ կոմպրոմատները նրանց դեմ օգտագործելու համար, այլ նաև նրա թիմակիցներն են նույն գործով զբաղվում՝ իրենց ապահովագրելով քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվելու ապագա վտանգից։ Դե իսկ «պոզով–պոչով» կոռուպցիայի մասին՝ թերևս լռենք։
Աղբյուր՝ AntiFake.am