Պեկինում մեկնարկեցին 24-րդ ձմեռային Օլիմպիական խաղերը. հայտնի է հայ մարզիկների ժամանակացույցը:
Հայաստանը ձմեռային oլիմպիական խաղերում, ընդհանուր առմամբ, 6 ներկայացուցիչ կունենա, որից 4-ը դահուկորդներ՝ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, Անգելինա Մուրադյանը և լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը: Ի դեպ, վերջինս դեռևս չի կարողացել մեկնել Պեկին կորոնավիրուսի թեստի դրական պատասխանի պատճառով:
Ձմեռային oլիմպիական խաղերում Հարությունյանի մեկնարկը փետրվարի 13-ին է: Պեկին-2022-ը, ի դեպ, նրա առաջին օլիմպիական խաղերն են:
24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչները պայքարը կսկսեն փետրվարի 6-ին. այդ օրը Միքայել Միքայելյանը հանդես կգա սկիաթլոն 15 կմ դասական և 15 կմ ազատ ոճերում:
Փետրվարի 8-ին Կատյա Գալստյանը հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը պայքարի դուրս կգան 10 կմ դասական ոճում: 15 կմ դասական ոճում Միքայել Միքայելյանի մրցման օրը փետրվարի 15-ին է:
Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է: