Պատերազմն անգամ ուժեղին կործանելու վտանգ ունի
Advertisement 1000 x 90

Պատերազմն անգամ ուժեղին կործանելու վտանգ ունի

Ռուսաստանի եւ Ուկրաինայի փոխհարաբերությունները վատթարացել են 2014-ից, երբ Ուկրաինայում հեղաշրջման հետեւանքով տապալվեց ռուսամետ նախագահ Վիկտոր Յանուկովիչը: 1990-ականներին ՆԱՏՕ-ն Ուկրաինան չդիտարկեց ռուսական սահմանին անվտանգության սահմանները մոտեցնելու համագործակցության իր ուղեծրում:

Պատճառը Ռուսաստանի հետ Ուկրաինայի սերտ հարաբերություններն էին: Այնուամենայնիվ, Արեւմուտքը մտադրված ռիսկի գնաց` սկսելով ՆԱՏՕ-ի ընդլայնումը: Խորհրդային Միության փլուզումից հետո Ռուսաստանը բարվոք վիճակում չէր, իսկ ՆԱՏՕ-ն, բնականաբար, պետք է օգտագործեր տրված հնարավորությունը: Այդ ընթացքում հետխորհրդային Ռուսաստանը փորձնական քայլեր էր անում՝ մերձենալու ՆԱՏՕ-ին: Սակայն դաշինքը կտրականապես հակադարձում էր յուրաքանչյուր նման քայլի:

Ավելին՝ ՆԱՏՕ-ն, ի դեմս ԱՄՆ-ի, անգամ ծաղրանքով էր մեկնաբանում ԵՄ-ի հետ մերձենալու ռուսական ջանքերը: Ռուսաստանի նախագահի ներկայիս քաղաքական գործողությունները դրա արդարացումն են: Ուստի վերջինս ձգտում է ի կատար ածել 2015 թ. կնքած Մինսկի համաձայնագրի կետերը: Կարգավորումն ընկալվում է այս գաղափարի շուրջ: Այն նախատեսում է Դոնբասի ինքնավարություն, Ռուսաստանի ուժերի դուրս բերում, ուկրաինական սահմանի վերականգնում ու ՆԱՏՕ-ի ընդլայնման չեզոքացում: Սակայն համաձայնագիրը սահմանափակում է պաշտոնական Կիեւի գործողությունները:

Մյուս կողմից էլ ակնհայտ է, որ ռուսական 100 հազարանոց զորքը չի կարող երկար ժամանակով մնալ ուկրաինական սահմանին՝ մշտական մարտական զգոն պատրաստության մեջ: Ուկրաինայի վերջին իրադարձություններն ազգային անվտանգությունը դարձրել են հետխորհրդային տարածաշրջանի երկրների գլխավոր առաջնահերթությունը:

Վերջին շրջանում ավելացել են մտավախությունները, որ նմանատիպ ճգնաժամ կարող է սպառնալ նաեւ Թբիլիսիին։ Պետք է նշել, որ Վրաստանն աջակցում է Ուկրաինային` քաղաքական եւ հումանիտար աջակցության, այդ թվում՝ մարդասիրական բժշկական առաքելության տեսքով։ Չնայած Վրաստանում եւ Ուկրաինայում ղեկավարություններ են փոխվել, սակայն երկու պետությունն էլ ներկայանում են որպես հետխորհրդային տարածքում ռուսական գերիշխանության դեմ ընդհանուր պայքար մղող երկրներ:

Թե՛ Վրաստանը, թե՛ Ուկրաինան՝ երկու սեւծովյան երկրներ, աստիճանաբար իրենց քաղաքական կողմնորոշումն ուղղել են դեպի Արեւմուտք` ԵՄ, ՆԱՏՕ կամ ԱՄՆ` նրանց դիտարկելով որպես անվտանգության երաշխավորման գործընկերներ:

Չնայած դեպի Արեւմուտք ունեցած քաղաքական ուղղվածությանը` Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի քաղաքական գործիչները հակասություններ ունեն: Ուկրաինայի նախագահը վերջերս ասուլիսում չափազանցված ու անկարեւոր որակեց ԱՄՆ-ի հայտարարությունները Ռուսաստանի մոտալուտ ներխուժման վերաբերյալ:

Վ. Զելենսկին իր մտավախությունները հայտնեց, որ հնարավոր է` ԱՄՆ-ում մտածված են ուռճացնում Ռուսաստանից եկող վտանգը: Այսինքն՝ Ուկրաինայի գործոնն օգտագործվում է Ռուսաստանի դեմ քայլ անելու նպատակով: Դրանից զատ, նա նաեւ քննադատեց արեւմտյան ԶԼՄ-ներին, որոնք խաթարում են ուկրաինացի ժողովրդի հավատն իր կառավարության հանդեպ ու տնտեսական խուճապ տարածում հասարակության շրջանում: Ուկրաինայի նախագահի նման հայտարարությունները, հավանաբար, ամենամեծ ու գուցե վճռական անջրպետը լինեն Բայդենի վարչակազմի ու իր կառավարության միջեւ:

Դա շատ լավ են հասկանում ԱՄՆ-ում եւ, հավանաբար, կփորձեն սահմանափակել սուր գնահատականները լարված իրավիճակի վերաբերյալ մեկ պատճառով՝ եթե Ուկրաինային հաջողվի Արեւմտյան ճամբարի մաս դառնալ, ապա Թուրքիան մասամբ կկորցնի աշխարհաքաղաքական իր կարեւորությունը: Ի՞նչ է ենթադրում սա. այժմ Ռուսաստանին (նախկինում՝ ԽՍՀՄ-ին) զսպելու գործառույթ ունի Թուրքիան:

Իրավիճակը փոխվել է, եւ հիմա Ուկրաինային է վերագրվում այդ գործառույթը: Նշանակություն չունի, թե Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ երկիր է, իսկ Ուկրաինան` ոչ (կամ` դեռ ոչ): Ուկրաինայի ճգնաժամը վստահաբար, լավագույնս մատնացույց է անում պրագմատիկ ուժային քաղաքականությունը:

Պետք է մշտապես հիշել, որ նման լարված իրավիճակներում խաղաղության հենասյունն ուժն է` լինի դիվանագիտական, ռազմական, թե տնտեսական: Երբ հակասությունները վերածվում են թշնամանքի, պատերազմը կարող է թվալ ճիշտ ու անխուսափելի տարբերակ, սակայն դա ընդամենը կործանելու է կողմերին, անգամ` հաղթողին:

hhpress.am