Փետրվարի 6-ին Պեկինում Հայաստանի մարզիկներից առաջինը մրցապայքարի դուրս կգա դահուկորդ Միքայել Միքայելյանը։ Նա հանդես կգա սկիատլոն մրցաձևում (15 կմ դասական ոճ + 15 կմ ազատ ոճ)։
«Ինձ համար գոհացնող արդյունք կլինի, եթե հայտնվեմ լավագույն 30-յակում»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Միքայելյանը` նշելով, որ դա համարվում է դահուկավազքի էլիտան։
Անդրադառնալով Պեկինում սահմանված կորոնավիրուսային սահմանափակումներին` նա նշեց, որ դրանք աննախադեպ են։ Միայն մարզումների ժամանակ է հնարավոր հանել դիմակը, բայց դահուկորդը վստահեցնում է, որ բոլորը հավասար պայմաններում են։
Հայաստանի դահուկավազքի հավաքականը օլիմպիական խաղերին նախապատրաստվել է Աշոցքում։ Մեր դահուկորդը շատ նմանություններ է գտել Հայաստանի հյուսիսային սահմանների ու Չինաստանի մայրաքաղաքի կլիմայական պայմանների միջև։
«Պեկինի ու Աշոցքի եղանակային պայմանները իրար շատ նման են»,– Sputnik Արմենիային ասաց նա։
Միքայել Միքայելյանը, բացի սկիատլոնից, հանդես է գալու նաև դասական ոճով 15 կմ մրցատարածությունում։ Այսպիսով` հայ դահուկորդը օլիմպիական խաղերում կունենա երկու մեկնարկ։ Իսկ կանանց մրցումներում Կատյա Գալստյանն ու Անգելինա Մուրադյանը կմասնակցեն 10կմ դասական ոճում մրցատարածության մրցումներին, բացի այդ Կատյա Գալստյանը հանդես կգա սպրինտում։