Մամուլը մեծ հաճույքով հրապարակում է Դաունինգ սթրիթում տեղի ունեցած երեկույթների մանրամասները: Կարանտինի, համազգային լոքդաունի և նույնիսկ սգո արարողությունների ժամանակ Բորիս Ջոնսոնը բրիտանացիներին հորդորել էր ձեռնպահ մնալ հարազատների ու ընկերների հետ հավաքներից, մինչդեռ ինքն իր ծննդյան տարեդարձը նշել է մեծաթիվ ընկերների հետ։ Ընդդիմությունը հրաժարական էր պահանջում, ոստիկանությունը հետաքննություն էր սկսել: Բայց, ինչպես պարզվում է, վարչապետի ընդդիմախոսներն էլ դեմ չէին զվարճանալ՝ շրջանցելով խիստ սահմանափակումները։ Ի՞նչ պատմությունների մեջ է վարչապետն ընկել:
2020 թվականի մայիսին տեղի ունեցած տխրահռչակ երեկույթը, որի մասին հայտնի դարձավ ձմռան սկզբին, արդեն փչացրել էր Ջոնսոնի Սուրբ Ծնունդը։ Սակայն դա միակ երեկույթը չէր, ինչպես պնդում են նոր հետաքննության հեղինակները։
Կառավարության կողմից հավաքագրվում են Դաունինգ Սթրիթում կարանտինային խախտումների վերաբերյալ տվյալները։ Ավագ պետական ծառայող Սյու Գրեյը հարցաքննել է Ջոնսոնին և խոստացել հրապարակել բացահայտումները փետրվարի սկզբին: Այսպես կոչված «Գրեյի արձանագրության» մի մասն արդեն հայտնվել է մամուլում։
Այդ լուրերն ամենաքննարկվողն էին։ Ջոնսոնի արկածների մասին մամուլում տիրող աղմուկը նույնիսկ խլացրել էր Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը: Ամբողջ թագավորությունն արդեն գիտեր, որ վարչապետի նստավայրում լոքդաունի ժամանակ այնքան են խմել, որ նույնիսկ գինու համար հատուկ սառնարան են բերել ամենշաբաթյա «հարբած ուրբաթների» համար։ Daily Mirror թերթը հրապարակել է այդ սառնարանի լուսանկարը՝ մանրամասնելով, որ դրանում կա 34 շիշ ալկոհոլ։
Ավելի մանրամասն՝ shantnews.am