ՔՊ-ականը պատգամավորին հորդորում է ստեղծել գաղտնի խմբեր, որոնք կհսկեն լրագրողներին. hraparak.am
Advertisement 1000 x 90

ՔՊ-ականը պատգամավորին հորդորում է ստեղծել գաղտնի խմբեր, որոնք կհսկեն լրագրողներին. hraparak.am

ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանը երեկ իր ֆեյսբուքյան էջում մի գրառում էր արել՝ ուղղված այն լրագրողներին, որոնք ցուցադրում են մահացած մարդու դեմքը։

«Ուղղակի նողկալի է մարդու ցավի վրա, հանգուցյալի հարազատների նյարդերի հաշվին մի քանի այցելություն ավել ստանալու՝ մեր ԶԼՄ-ների մոլուցքը:

Ամբողջ նյուզֆիդս դիակի լուսանկար է՝ բաց դեմքով: Չի՛ կարելի, չի՛ կարելի ու էլի չի՛ կարելի: Չկա՞ լրագրողական էթիկա, կամ պարզապես «քթածակ»: Ու սա կրկնվում է ամեն հաջորդ հայտնի մարդու մահվան ժամանակ, ամեն անգամ լռելը արդեն հանցակցություն է»,-գրել է պատգամավորը։

Թե որքանով է նորմալ, որ լրագրողական էթիկայից է խոսում հենց Նիկոլ Փաշինյանի թիմակից պատգամավորը, դա հարցի մյուս կողմն է, գուցե նրա ասածի մեջ կա նաև ճշմարտություն, պարզապես այդպիսի բազմաթիվ ճշմարտություններ ժամանակին պետք էր ասել հենց Նիկոլ Փաշինյանին, երբ նա լրագրող ու խմբագիր էր աշխատում։

Ավելի խնդրահարույց են Հասմիկ Հակոբյանի գրառման տակ ակտիվացած «քոմենթչիների» մեկնաբանությունները։ Շատերն ուղղակի համեստորեն իրենց համաձայնությունն են հայտնել պատգամավորի արտահայտած մտքերին, որ «Շատ ճիշտ եք Հասմիկ ջան», որոշներն էլ, սակայն, բառացիորեն հարձակվել են լրագրողների վրա։

Օրինակ՝ Էդուարդ Չոբանյան անունով մի օգտատեր, որի ֆեյսբուքյան էջն ուսումնասիրելով՝ հասկացանք, որ մոլի նիկոլական է ու դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի ցուցակով առաջադրվել էր որպես Նորաշեն համայնքի ավագանու անդամի թեկնածու, Հասմիկ Հակոբյանին հորդորում է ստեղծել գաղտնի խմբեր, որոնք կհետևեն լրագրողներին։ Ու այդ ամենը ներկայացնում է ժողովրդի անունից։

«Հարգելի Հասմիկ ես մի հորդոր առաջարկ ունեմ,որը նաև ժողովրդին է. 1. ՔՊ-ի գրասենյակներում ստեղծել սուտ, կեղծ լուրերի արձագանքման պատասխանատու խոսնակներ. 2. ստեղծել գաղտնի խմբեր որոնք ամեն օր հսկողության տակ կպահեն լրագրողների և ԶԼՄ-ների տեղաշարժը գործնեությունը և կտեղեկացնեն արձագանքման պատասխանատու խոսնակներին. 3.վերջ դնել թվիշիկին և մաքրել պետական ապարատը նախկին հանցագործ չինովնիկներից….»,-ուղղագրական ու կետադրական սխալներով գրել է նիկոլական նորաշենցին՝ ՔՊ-ական պատգամավորի գրառման տակ։

hraparak.am