Անգլիայում փոքրիկ տղան մահացել է՝ փափուկ խաղալիքի մարտկոցը կուլ տալուց հետո, գրում է Daily Mail-ը։
Հյու Մաքմահոնը խաղում էր փափուկ խաղալիքով, երբ այնտեղից ընկավ դեղահաբի տեսքով փոքրիկ մարտկոցը։ Մնալով առանց ծնողների ուշադրության՝ նա կուլ է տվել այն, և մեկ ժամ անց կորցրել է գիտակցությունը։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները փորձել են նրան ուշքի բերել։
Տեղեկանալով, որ Հյուն մարտկոց է կուլ տվել, բժիշկները նրանից թեստեր են վերցրել՝ մարմնի ընդհանուր վիճակը ստուգելու համար։ Պարզվել է, որ սարքի պատճառով տղայի արյունը օքսիդացել է ու դադարել մակարդվել։
Բացի այդ, մարտկոցը փոքրիկ անցք է այրել նրա սրտում։ Բժիշկները տղայի ծնողներին ասել են, որ նա ապաքինվելու հնարավորություն չունի, բժշկական սարքերը միակ բանն են, որ նրան կենդանի են պահում։
Զրուցելուց հետո զույգը որոշել է որդուն անջատել կենսաապահովման սարքից: Ինչպես հիմա ասում է Հյուի մայրը, ինքը չգիտեր, որ մարտկոցները կարող են այդքան վտանգավոր լինել։
«Մեզ ոչ ոք այս մասին չի զգուշացրել։ Ինձ ավելի շատ անհանգստացնում էր սպիտակեցնող նյութը, աստիճաններից ընկնելը, գլխով հարվածելը: Սա ուղղակի դժոխք է, բառեր չկան նկարագրելու իմ ցավը»,- մեկնաբանել է կինը։
Իրենց որդուն թաղելուց հետո Հյուի ծնողները նախաձեռնեցին արգելել դեղահաբի տեսքով փոքրիկ մարտկոցների վաճառքը։
«Դա կործանեց մեր կյանքը։ Մենք ուզում ենք վստահ լինել, որ ոչ ոք չի անցնի այն մաենի միջով, ինչ մենք», – հավելել է զույգը:
Ամուսինների նախաձեռնությունը պաշտպանել է տեղի պատգամավորը, ով խոստացել է հարցը բարձրացնել խորհրդարանում։