Չիկագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ քնի տեւողության ավելացումն օգնում է ավելորդ քաշի դեմ պայքարում։ Այս մասին հոդվածը հրապարակվել է JAMA Internal Medicine ամսագրում, հայտնում է EurekAlert-ը։
Նախորդ հետազոտություններն ապացուցել են, որ քնի պակասը ճարպակալման ռիսկի գործոն է: Թիմը, որը գլխավորում էր բժիշկ Էսրա Թասալին, ձեռնամուխ է եղել պարզելու երկարատև քնի ազդեցությունը էներգիայի ծախսի և մարմնի քաշի վրա:
Գիտնականները դիտարկել են ավելորդ քաշ ունեցող 80 կամավորների, որոնցից ոմանք գիշերը քնել են 6,5 ժամից պակաս: Քնի հիգիենայի վերաբերյալ անհատական խորհրդատվություններից հետո նրանք կարողացել են միջինը 1,2 ժամով ավելացնել գիշերային հանգստի տևողությունը։
Ընդհանուր առմամբ, հետազոտողները փորձել են հետազոտվողների քնի տեւողությունը հասցնել 8,5 ժամի։ Համեմատած հսկիչ խմբի հետ, որի քնի տեւողությունը չի փոխվել, նրանք օրական միջինը 270 կկալով պակաս են օգտագործել, իսկ որոշները՝ նույնիսկ 500-ով պակաս:
Կալորիաների բալանսի նման փոփոխությունը՝ նույնիսկ առանց դիետաների և վարժությունների, երեք տարում կօգնի ազատվել գրեթե 12 կգ-ից, նշում են աշխատանքի հեղինակները։
«Մենք ցույց ենք տվել, որ իրական կյանքում, առանց ապրելակերպի որևէ այլ փոփոխության, դուք կարող եք ավելի շատ քնել և ավելի քիչ կալորիաներ օգտագործել: Սա իսկապես կարող է օգնել մարդկանց, ովքեր փորձում են նիհարել», – ասել է Թասալին: