Exclusive. «Իմ մանկությունը կապված է Հայաստանի հետ». երգչուհի Զառայի հայկական հուշերը, «Դլե յաման»-ին անդրադարձն ու նոր տեսահոլովակի բեքսթեյջը (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Exclusive. «Իմ մանկությունը կապված է Հայաստանի հետ». երգչուհի Զառայի հայկական հուշերը, «Դլե յաման»-ին անդրադարձն ու նոր տեսահոլովակի բեքսթեյջը

Ռուսական շոու-բիզնեսից հայտնի երգչուհի Զառան (Զառա Մգոյան) երբեք չի թաքցրել իր սերն ու նվիրվածությունը Հայաստանին: Ազգությամբ եզդի երգչուհին ծնվել է Սանկտ Պետերբուրգում, սակայն նրա ընտանիքն այնտեղ է տեղափոխվել Գյումրի քաղաքից: Մգոյանները երբեք չեն մոռացել Հայաստանում անցկացրած տարիների մասին, ու նույն սերը փոխանցել են նաեւ Զառային: NEWS.am STYLE-ի հետ բացառաիկ հարցազրույցում ռուսական շոու-բիզնեսի աստղը պատմել է մանկության շրջանում Հայաստան կատարած իր այցելությունների, հայ ընկերների, խոսել Հայկոյի մասին, ինչպես նաեւ՝ ներկայացրել է իր նոր՝ «Безумная» տեսահոլովակի գաղափարն ու տրամադրել նկարահանումների բեքսթեյջից էքսկլյուզիվ լուսանկարներ:

Անդրադառնալով Հայաստանի հետ իր խորը կապին՝ Զառան նշեց, որ միշտ առանձնահատուկ ջերմությամբ ու սրտի թրթիռով է մտածում մեր երկրի մասին:

«Վերջին անգամ Երեւանում ելույթ եմ ունեցել 4 տարի առաջ: Գաղտնիք չէ, որ իմ մանկությունը կապված է այս երկրի հետ: Ես իմ բոլոր ամառային արձակուրդներն անցկացրել եմ տատիկիս ու պապիկիս, իմ բարեկամների հետ, եւ եթե ընկերներիցս շատերն ուղեւորվում էին գյուղ, ինձ միշտ տանում էին հեռավոր, բայց շատ հարազատ Հայաստան՝ Լենինական (Գյումրի): Որքան տարի էլ, որ անցնի, ես միշտ ջերմությամբ եմ հիշելու իմ տատիկի տաքուկ ձեռքերը, հյուրընկալ սեղանը, նրանց տան թարմ լավաշի բույրը, Հայաստանի արեւը եւ սարերի հովը: Դա այն է, ինչ ինձ հետ հավետ կմնա»:

Տարիներ առաջ, կատարելով հայկական ամենահայտնի ու զգացմունքային ստեղծագործություններից մեկը՝ «Դլե յաման»-ը, Զառան հուզեց ոչ միայն իր հայ եւ ռուս, այլեւ՝ օտարազգի լսարանին:

«Առաջին անգամ այդ երգին ծանոթացել եմ դեռ մանկության տարիներին: Այն լսել եմ ինչպես տղամարդ վոկալիստների, այնպես էլ՝ լեգենդար երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ: Դա հենց այն երգն է, որը միշտ հնչել է մեր տանը, արդյուքում՝ ինքս էլ ցանկացա այն կատարել, ու այդպես էլ արեցի: Անկեղծ կասեմ՝ չէի սպասում, որ նման արձագանքներ կստանամ տարբեր երկրների ներկայացուցիչներից: Հիմա ես այդ երգը կատարում եմ իմ տարբեր համերգներին, իսկ նախքան կատարումս խնդրում, որ հանդիսատեսից յուրաքանչյուրը միշտ հիշի իր արմատների մասին՝ իր հարազատ ու թանկ մարդկանց, այն վայրերը, որտեղ մեծացել է: Կարեւոր է, որ երբեք չմոռանանք, թե որտեղից ենք ծնունդ առել, ով է մեզ ձեւավորել: «Դլե յաման»-ը հենց այն երգն է, որը ներթափանցում է յուրաքանչյուրի հոգու մեջ»,-վերհիշելով իր կատարումը՝ ասաց երգչուհին:

Ամբողջությամբ՝ style.news.am