Նատաշկան Հանրայինում էլ է շարունակում մնալ Նատաշկա. հերթական մանիպուլյացիան ու սուտը` Հանրայինի եթերից. antifake.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

Նատաշկան Հանրայինում էլ է շարունակում մնալ Նատաշկա. հերթական մանիպուլյացիան ու սուտը` Հանրայինի եթերից. antifake.am

Ավտորիտար կամ դեպի ավտորիտարացման գնացող համակարգերում հասարակական շերտերի նկատմամբ ստի ու մանիպուլյացիայի գործոնը մեծ դեր ունի: Այդպես գործող իշխանությունը փորձում է «քարտ բլանշ» ստանալ երկարաժամկետ իշխանավարման համար:

Սովորաբար ավտորիտար իշխանության կողմից հասարակության շրջանում ստի և մանիպուլյացիաների տարածման հիմնական աղբյուրները լինում են պետական քարոզչական միջոցները, հատկապես`  հեռուստատեսությունը:  Այսօր Հայաստանում դա, բնականաբար, իշխանության կցորդ Հանրային հեռուստատեսությունն է: Այն, որ Հանրայինը վաղուց է վերածվել իշխանության ոչ պաշտոնական ագիտպրոպի, փաստ է:

Հերթական անգամ այդ ագիտպրոպից օգտվեց իշխանությունների «սրտի» հարցազրուցավար Պետրոս Ղազարյանը, որը հայտնի է իր մանիպուլյացիոն հայտարարություններով:

Փետրվարի 7-ին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանը հարցազրույցի էր հրավիրել ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանին: Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերաբերյալ օրերս տված հարցազրույցի առանձին դրվագներին: Պետք է սկզբից էլ փաստել, որ Սերժ Սարգսյանի մտքերը «մեջբերելիս» Պետրոս Ղազարյանը դրանք մանիպուլացրել է և սխալ ներկայացրել:

Օրինակ` Պետրոս Ղազարյանը նշում է. «Պարոն Սարգսյանը ասում է, որ` «կա Արցախը հետ բերելու հնարավորություն»: Մամիջանյանի դիտարկմանը` նախադասությունը ճշգրիտ մեջբերման վերաբերյալ` Ղազարյանը պատասխանում է. «Ես ճշգրիտ եմ մեջբերում»:

Սակայն, իրականությունը այլ է. Սերժ Սարգսյանի հարցազրույցի մեջ կարող ենք գտնել` «Ես եկել եմ, որպեսզի նորից հայտարարեմ, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում:… Չնայած կործանարար պատերազմին, չնայած կապիտուլյացիային, դեռևս կան հնարավորություններ», ինչպես նաև` «կարծում եմ, որ մեր հասարակության այն հատվածը, որը համարում է, որ Արցախը հայկական է, այն մասը, ով համարում է, որ մենք ի վիճակի ենք ուղղել մեր մեջքը, ես կոչ եմ անում բոլոր այդ մարդկանց, որ համախմբվենք ու սրանից պահանջենք, որ դադարեցնեն այդ քաղաքական մուրացկանությունը»:

Նախագահ Սարգսյանի հարցազրույցը սղագրված է և տեղադրված երրորդ նախագահի պաշտոնական կայքում: Յուրաքանչյուրը կարող է համոզվել, որ Պետրոս Ղազարյանը այս դեպքում պարզապես ստում է: Ավելին, ստի ու մանիպուլյացիայի վրա հիմնված իր դատողություններում Ղազարյանը բնութագրում է տվյալ արտահայտությունը որպես «մերկապարանոց» հայտարարություն, եթե նախագահը մատնացույց չի անում դրան հասնելու եղանակները: Հարցազրույցի ամբողջ ընթացքում Պետրոս Ղազարյանը փաստացի իր` ստի վրա կառուցված մտքերով սադրում էր ընդդիմադիր գործչին:

Հարցազրույցի հաջորդ դրվագում Պետրոս Ղազարյանը, հրապարակելով Սերժ Սարգսյանի հարցազրույցից և 2018թ. ապրիլի 17-ին ԱԺ-ում տեղի ունեցած հարցուպատասխանից հատված, նշում է, որ Սարգսյանը հակասում է ինքն իրեն: Հայկ Մամիջանյանի դիտարկումը, որ մեջբերված հատվածները մոնտաժվել և կոնտեքստից կտրվել են, ճիշտ է:

Ստորև այդքան քննարկված դրվագն է, որտեղ երրորդ նախագահ, այդ ժամանակ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը պատասխանում է պատգամավոր Կարեն Բեքարյանի հարցին:

Պետք է նկատել, որ վերոհիշյալ դրվագը և Սերժ Սարգսյանի պատասխանի մի քանի արտահայտություն Նիկոլ Փաշինյանի կողմից ամենաշատ հիշատակվող հատվածներից են:

Ներկայիս իշխանությունները, որոնց միացել է նաև Նիկոլ Փաշինյանի կողմից «Նատաշկա» հռչակված Պետրոս Ղազարյանը, այսպես մեղադրում են Սերժ Սարգսյանին ԼՂ կարգավորման բանակցություններում հայկական կողմի ձախողումների համար:

Սակայն Սերժ Սարգսյանի խոսքը այլ բանի մասին էր: Երրորդ նախագահը նշում է, որ բանակցություններում հայկական կողմի մոտեցումները և արդեն իսկ ունեցած պայմանավորվածությունները ընդունում են բոլորը` բացի Ադրբեջանից: Ավելին, սրանից էլ կարելի է եզրահանգման գալ, որ համանախագահները և միջազգային հանրությունը հնարավոր պատերազմի դեպքում մեղադրելու են Ադրբեջանին` Լեռնային Ղարաբաղի դեմ ագրեսիայի համար:

Այս հանգամանքը ապացուցվում է նաև արդեն Նիկոլ Փաշինյանի պատճառով բանակցությունների ձախողման օրինակներով: ԵԱՀԿ Մինսկի համանախագահները` ընդհանուր հայտարարություններով, համանախագահ երկրի արտգործնախարար Լավրովը, արդեն 44-օրյա պատերազմից հետո` ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ապացուցում են հենց Փաշինյանի կողմից բանակցությունները փակուղի տալու և Ադրբեջանին հնարավորություն տալու պատերազմ սկսելու և անպատիժ մնալու փաստը:

Հենց սա է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի` դեռևս 2018թ. ապրիլի 17-ի խոսքի բովանդակությունը, որը հերթական անգամ փորձեց մանիպուլացնել Պետրոս Ղազարյանը Փաշինյանի ագիտպրոպի գործիքի վերածված Հանրայինի եթերում, որը նույնիսկ Հանրայինում շարունակում է «Նատաշկա» մնալ:

antifake.am



Նման նյութեր