Լոս Անջելեսի դատարանը 80-ամյա կաթոլիկ միանձնուհի Մերի Մարգարեթ Կրապերին մեկ տարվա ազատազրկման է դատապարտել դպրոցի բյուջեից 835 հազար դոլար յուրացնելու համար, որը ծախսվել է խաղատների և վարկային պարտքերի վրա։ Այս մասին հայտնում է CBC-ն։
Պարզվել է, որ նա 2008-ից 2018 թվականներին ապօրինի կերպով միջոցներ է վերցրել Լոս Անջելեսի արվարձանում գտնվող Սուրբ Ջեյմս կաթոլիկ դպրոցից, որտեղ աշխատել է որպես տնօրեն:
Կրապերն իրեն մեղավոր է ճանաչել։ Բացի ազատազրկումից, միանձնուհուն հանձնարարվել է փոխհատուցել դպրոցի ծախսած գումարը։
«Ես մեղք եմ գործել, խախտել եմ օրենքը, և ինձ համար արդարացում չկա։ Իմ գործողությունները խախտել են իմ երդումները, իմ ուխը, օրենքը և, ամենից առաջ, այն սուրբ վստահությունը, որը շատերն էին դրել ինձ: Ես սխալ էի, և ես խորապես ափսոսում եմ այն ցավի և տառապանքի համար, որ պատճառեցի այդքան շատ մարդկանց», – ասել է կինը դատավարության ժամանակ: