Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները անդրադարձել են կորոնավիրուսային վարակի բուժման համար արդյունավետ հակավիրուսային դեղամիջոցների համադրությանը։ Պարզվել է, որ նուկլեոզիդային անալոգների (ինչպիսին են արդեն FDA-ի հավանությանն արժանացած ռեմդեսիվիրը եւ մոլնուպիրավիրը) հետ պիրիմիդինների բիոսինթեզի ինհիբիտորների համատեղ կիրառումը նպաստում է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր շտամների առաջացրած վարակի հաղթահարմանը։ Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում։
Ինչպես նշում է Lenta.ru-ն, նուկլեոզիդային անալոգները վիրուսային ՌՆԹ-կախյալ ՌՆԹ-պոլիմերազայի (RdRp) օգնությամբ տեղավորվում են աճող ՌՆԹ-շղթայում, ինչը արգելակում է վիրուսի բազմացումը։ Բացի այդ, խոստումնալից է այն մոտեցումը, երբ դեղամիջոցներն ուղղվում են վիրուսի բազմացման համար անհրաժեշտ նուկլեոզիդների տեր հանդիսացող բջջի սինթեզի ուղիների դեմ։ Նոր աշխատանքում գիտնականները կատարել են 18 000 հակավիրուսային թեկնածու դեղամիջոցների սքրինինգ՝ մարդու Calu-3 էպիթելային բջիջների գծի օգտագործմամբ։ Calu-3-ը թոքերի քաղցկեղի ուռուցքային բջիջներն են, մասնագետները դրանք օգտագործել են որպես կորոնավիրուսով վարակված շնչառական հյուսվածքների մոդելներ։
Գիտնականներն ուսումնասիրել են 122 դեղամիջոց, որոնք ցուցադրել են հակավիրուսային ակտիվություն եւ բարձր սելեկտիվություն կորոնավիրուսի հանդեպ, այդ թվում նուկլեոզիդների 16 անալոգ, ներառյալ ռեմդեսիվիրը եւ մոլնուպիրավիրը։ Այդ դեղամիջոցներից առանձնացվել է նուկլեոզիդների բիոսինթեզի ինհիբիտորների խումբը, այդ թվում՝ փորձնական բրեկինար (Brequinar, DuP-785) դեղամիջոցը, որը կլինիկական փորձարկումների է ենթարկվում որպես միջոց COVID-19-ի դեմ եւ քաղցկեղի որոշ տեսակների դեմ կոմբինացված թերապիայի բաղադրիչ։ Բրեկինարը թույլ չի տալիս պիրիմիդոնների սինթեզը, որոնք պիրիմիդոնային նուկլեոզիդների բաղադրիչներն են։
Հետազոտողները ցույց են տվել, որ ռեմդեսիվիրի եւ մոլնուպիրավիրի համադրումը հանգեցնում է ադիտիվ էֆեկտի, այսինքն՝ դրանց համատեղ ազդեցությունը դրանց գործողությունների գումարն է առանձին-առանձին։ Ընդհակառակը, նուկլեոզիդների համադրումը բրեկինարի հետ անհամեմատ ավելի հզոր սիներգետիկ էֆեկտ է ստեղծում, որի արդյունքը, անկախ շտամից, կորոնավիրուսի զգալի ցածր տիտրն է։ Գիտնականները ստուգել են նաեւ դեղամիջոցների ազդեցությունը մկների վրա եւ ցույց տվել, որ բրեկինարի ու մոլնուպիրավիրի համադրությունը կրծողների թոքերը պաշտպանում է վարակներից եւ բորբոքումներից։