«ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՉԷ…
…1968-ին էր, ես Ամերիկայից նոր էի վերադարձել: Մի խումբ ուսուցիչներ եկան ինձ մոտ, բոլորը համալսարանավարտ, երեսուն-հիսուն տարեկան մարդիկ էին, շուրջ քառասուն հոգի: Երկար խոսեցինք: Վերջում խոսքը հասավ Հայկական դատին, մեր հողերի հարցին:
«Վեհափառ, արտասահմանի հայերը ի՞նչ են անում, ի՞նչ են մտածում», – հարցնում էին:
Ես մի քիչ նեղ դրության մեջ էի ընկնում: Չէի ուզում նրանց հուսախաբ անել, մյուս կողմից էլ չէի թույլ տալիս ինձ, որ շատ հուսադրեմ: Հանկարծ տնօրեններից մեկը վեր կացավ, թե՝
«Վեհափառ ջան, եթե Դուք, իբրև Ամենայն Հայոց Կաթողիկոս, վեր կենաք, ուժեղ մի գրությամբ ներկայանաք Միացյալ Ազգերի Կազմակերպության, Հայկական դատը չի՞ լուծվի»:
Ես պատասխանեցի՝ «Սիրելիս, չի լուծվիր»:
«Բա ո՞նց թե չի լուծվիր, հապա արդար չէ՞ մեր դատը»:
Ահա մի օրինակ: Երկրորդ՝ երկրաշարժից առաջ էր, դարաբաղյան այդ փոթորկումի ժամանակ մի հեռագիր ստացա Երևանից: Հեղինակը լեզվաբան, համալսարանի դասախոս է: Հեռագրի մեջ մի տեսակ նկատողության ձևով դիմում էր ինձ Ղարաբաղի հարցով, թե՝ Դուք Ձեր «հզոր ձայնով» եթե հանդես գաք, Ղարաբադի հարցը կլուծեք: Ուրեմն, ստացվում է, որ որովհետև Կաթողիկոսը իր «հզոր ձայնը» չի ասում, Ղարաբաղի հարցը չի լուծվում: Նրան հրավիրեցի: Համակրելի մարդ էր, հիսուն տարեկանի մոտ, բարեկամացանք անշուշտ:
Գիտեք, այսքան միամտություն վտանգավոր է մի ժողովրդի համար:
Մաղթելի է, որ մեր ժողովուրդը, այստեղ թե արտասահմանում, հասկանա, որ այս անիրավ աշխարհում քաղաքականություն ասվածը ոչ բանաստեղծություն է, ոչ փիլիսոփայություն, ոչ էլ բարոյախոսություն»:
Վազգեն Ա.
Կաթողիկոս Ամենայն Հայոց.
30 ապրիլի, 1989թ.
Հասմիկ Հարությունյանի ֆեյսբուքյան էջից