Ծաղկաձորի «Գոլդեն փելիս» հյուրանոցն արդեն 7-րդ անգամ աճուրդի դնելով 5 մլրդ դրամով ձեռք է բերել մրցույթի միակ մասնակից «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ-ն, որի սեփականատերը 34-ամյա Նարեկ Նալբանդյանն է։ Վերջինս Կոտայքի մարզի Արգել գյուղի բնակիչ է և ունի բազմաթիվ ընկերություններ՝ շինանյութի, ավտոպահեստամասերի, բեռնափոխադրումներ, ձվի, ալյուրի արտադրությունների ոլորտներում։
Ըստ շրջանառվող տեղեկությունների նա անմիջական կապ ունի ներկայիս իշխանությունների հետ, ինչի մասին վկայում է ընկերության ֆեյսբուքյան էջում 2021-ի ամռանը հրապարակված լուսանկարը, որտեղ Նարեկ Նալբանդյանը Սևանա լճի ափին Շրջակա միջավայրի նախկին նախարար Ռոմանոս Պետրոսյանի հետ է։ Ավելին, ըստ մամուլի հրապարակումների, Նալբանդյանին պատկանող ընկերությունները մի շարք արտոնություններ են ստացել։ Մասնավորապես, 2019-ին կառավարությունը ներդրումային ծրագրի շրջանակներում 3 տարի ժամկետով հետաձգել է ընկերությանը ԱԱՀ-ից, ինչպես նաև ազատել մաքսատուրքից։
Նշենք, որ մրցույթով օտարման ենթակա գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանվել է 5 000 000 000 ՀՀ դրամ՝ միաժամանակ սահմանվելով նաև, որ գույքի մրցույթի արդյունքում ձևավորված օտարման արժեքը ենթակա է վճարման 5 տարվա ընթացքում հավասարաչափ։
Հիշեցնենք` 2019թ-ի սեպտեմբերի 26–ի նիստում ՀՀ կառավարությունը որոշում էր կայացրել Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցն ընդունել որպես նվիրատվություն։ Նախկին պաշտոնյան նման առաջարկ էր արել այն բանից հետո, երբ ԱԱԾ–ն բացահայտել էր իրեն պատկանող երեք հյուրանոցներն անօրինական գումարներով կառուցելու փաստը։
Իսկ 2019թ–ի նոյեմբերի 28-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ հյուրանոցի արժեքը շուրջ 20 միլիոն դոլար է։ Իրականում դրա մեկնարկային գինը ընդամենը 15.6 մլն ԱՄՆ դոլար էր գնահատվել, այնուհետև նվազել էր մինչև 14 մլն դոլար։
Վերադառնալով «Գոլդեն Փելես»-ին՝ հիշեցնենք՝ 2018-ի հոկտեմբերին ԱԱԾ-ն քրեական գործ հարուցեց Մաքսային կոմիտեի նախկին պետ Արմեն Ավետիսյանի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու եւ հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով գումարներն օրինականացնելու (փողերի լվացում) դեպքի առթիվ։ Ըստ քրգործի, Ավետիսյանը զբաղեցնելով մաքսային պետական կոմիտեի նախագահի պաշտոնն ՝ իր հետ գործնական կապերի մեջ գտնված անձանց հետ համատեղ ձեռնարկել եւ կանխիկ գումարներով ֆինանսավորել է Երեւանում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի կառուցումը։ Հետո Ավետիսյանը, ինչպես հայտարարել էր, հյուրանոցը նվիրեց պետությանը։ «Գոլդեն Փելես» Հյուրանոց» ՍՊԸ-ն գնահատվել էր մոտ 7 մլրդ դրամ: ԱԱԾ-ում քննվող վերընշված քրեական գործի վարույթը կարճվել է 2019-ին։