Փետրվարի 11-ին Ալեն Սիմոնյանն ընդունել էր ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուբեն Մաթեւոսյանին, Ռոբերտ Ամիրխանյանին, Նառա Շլեպչյանին, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Հայաստանի ազգային հերոս Հովհաննես Չեքիջյանին, ՀՀ ժողովրդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանին, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանին եւ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանին։
Սակայն ՀՀ նախագահի լիազորությունները կատարող Ալեն Սիմոնյանի հանդիպումը մշակույթի եւ արվեստի մի խումբ գործիչների հետ մեծ հնչեղություն ստացավ հանրության շրջանում եւ քննադատությունների տեղի տվեց, մասնավորապես հատուկ թիրախավորելով՝ մշակույթի գործիչներին:
ArmLur.am-ի հետ զրույցում ՀՀ ժողովորդական արտիստ Ռաֆայել Քոթանջյանը անդրադառնալով հանդիպմանն ու քննադատություններին ասաց, որ շատ հետաքրքիր միջավայրում է անցել հանդիպումը. «Շատ հետաքրքիր զրույց ունեցանք, եւ ապագայում հետաքրքիր միջոցառումներ են լինելու, որի մասին չեմ ցանկանա այժմ բարձրաձայնել»:
Ռաֆայել Քոթանջյանը ցավով է վերաբերվում հասարակության սուր քննադատություններին, ըստ նրա՝ պետք է բարությամբ շրջապատվենք, որպեսզի այն տարածվի նաեւ ժողովրդի վրա:
«Շատ քննարկվեց մեր հանդիպումը, բայց ես քննադատությունների վրա ուշադրություն չեմ դարձնում, այնպես որ եկեք` լավ ապրենք, լավ տրամադրվենք»,-հավելեց ՀՀ ժողովրդական արտիստը: