Tesla ընկերության գլխավոր տնօրեն Իլոն Մասքը 2021 թվականին մոտավորապես 5,7 մլրդ դոլարի բաժնետոմսեր է նվիրաբերել բարեգործական նպատակներով: Այդ մասին ասվում է այն փաստաթղթերում, որոնք ուղարկվել են ԱՄՆ-ի կարգավորիչներին: Փաստաթղթերում նշված չէ, թե հատկապես ով է ստացել այդ 5000044 բաժնետոմսերը: Նվիրատվությունն արվել է Tesla-ի բաժնետոմսերի մի շարք վաճառքների գործընթացում:
Ընդամենը Մասքն ավելի քան 16 մլրդ դոլար գումարի արժեթղթեր է վաճառել 2021 թվականի վերջին երկու ամսվա ընթացքում: Նա նաեւ 22,9 միլիոն օպցիոն բաժնետոմսի է փոխարկել անցած տարի: Tesla-ի ղեկավարը նվիրատվությունը կատարելուց հետո մի քանի շաբաթ անց, դեկտեմբերին հաշվարկել է, որ իրեն հարկավոր կլինի 2021 թվականի համար վճարել ավելի քան 11 մլրդ դոլարի հարկեր:
Chronicle of Philanthropy հրատարակության տեղեկությունների համաձայն, Մասքը երկրորդ ամենախոշոր բարեգործն է դարձել 2021 թվականին արված նվիրատվությունների ծավալով: Առաջին դիրքում հայտնվել են Բիլ եւ Մելինդա Գեյթսերը, որոնք միագումար նվիրաբերել են շուրջ 15 միլիարդ դոլար: Մասքի կողմից բարեգործական նպատակներով արված նվիրատվությունների ստույգ չափը հայտնի չէ, սակայն Tesla-ի ղեկավարն այդ մասին երբեմն հայտնում է սոցիալական ցանցերում: 2021 թվականի մարտին նա Twitter-ում գրել է, որ 20 միլիոն դոլար է նվիրաբերում Տեխասի դպրոցներին եւ 10 միլիոն դոլար՝ քաղաքի կենտրոնի վերականգնման համար: 2018 թվականին նա գրել է, որ վաճառել է Tesla-ի՝ ավելի քան 100 միլիոն դոլար գումարի բաժնետոմսեր՝ նվիրատվություն անելով բարեգործական նպատակներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: