Ոչ թե պետք է խուսափել թշնամի երկրի հետ բաց սահման ունենալուց, այլ պետք է կանխարգելիչ քայլեր անել, որ Թուրքիան Հայաստանում ազատ գործելու հնարավորություններից զրկվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում, խոսելով հայ-թուրքական սահմանի բացումից բխող վտանգների մասին, ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
«Հայ-թուրքական սահմանի բացմանն ու դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը զուգահեռ անպայման մեծանալու են թուրքական սպառնալիքները, տվյալ դեպքում արդեն փափուկ ուժի միջոցով։ Այն դրսևորվում է ֆինանսական «դրական» առաջարկներով, որոնք տվյալ երկրի համար, որտեղ արվում են այդ առաջարկներն ու ներդրումները, ավարտվում են Թուրքիայից տնտեսական կախվածությամբ»,– ասաց թուրքագետը։
Մելքոնյանի դիտարկմամբ` տնտեսական բաղադրիչը Թուրքիայի արտաքին քաղաքականության այն կարևոր գործոններից է, ինչը տարբեր տարիներին դրսևորվել է որպես էքսպանսիոնիստական, հատկապես այն երկրների հանդեպ, որոնց հետ Անկարան ունի խնդիրներ։ Օրինակ` Վրաստանի պարագայում, երբ Թուրքիան որոշակի նկրտումներ ունի Աջարիայի նկատմամբ, տնտեսական քաղաքականությունը շատ արագ զուգակցվում է արտաքին քաղաքականության հետ, որոնք ըստ էության մեկ ամբողջություն են։
Մելքոնյանը նշում է, որ սահմանների բացումից հետո կարելի է ակնկալել, որ Թուրքիան մեր երկիրը կախվածության մեջ դնելու, տնտեսապես թուլացնելու, տնտեսական էքսպանսիա իրականացնելու առումով անելու է ակտիվ ու ագրեսիվ գործողություններ։ Ըստ նրա` թեև ՀՀ–ում անշարժ գույք ձեռք բերած Թուրքիայի քաղաքացիների թվում կարող են լինել նաև մեր հայրենակիցները, բայցևայնպես այդ հանգամանքը պատճառ չէ զգոնությունը թուլացնելու համար։
«Կա օրենսդրորեն խնդիրը կարգավորելու անհրաժեշտություն։ Դեռ 1998 թվականին ընդունված օրենքով օտարերկրյա քաղաքացիները կարող են ՀՀ–ում, որոշակի բացառություններով, սեփականություն ձեռք բերել։ Հետևաբար մինչև Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը պետք է րոպե առաջ իրավական կարգավորումներ արվեն, ուսումնասիրվի օրենսդրական բացը և ընդունվեն որոշ սահմանափակումներ։ Շատ պետությունների դեպքում միջազգային փորձը հուշում է, որ նման սահմանափակումներ իրականացվել են` կապված տարբեր երկրների ոչ այնքան բարեկամական քաղաքականության հետ, որը կարող է քողարկվել տնտեսական կամ այլ մեթոդներով»,– նշեց թուրքագետը։
Մելքոնյանի համոզմամբ` թուրքական տնտեսական էքսպանսիան Հայաստանի համար ոչ թե չնախատեսված սպառնալիք է, այլ կանխատեսելի վտանգ։ Հիմա, քանի դեռ դիվանագիտական հարաբերություններ չեն հաստատվել, սահմանները չեն բացվել, ճիշտ ժամանակն է օրենսդրական կարգավորումներ անել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am