Նույնիսկ թեթեւ COVID-19-ից հետո ինսուլտի եւ սրտի նոպայի ռիսկն ավելանում է ավելի քան 50%-ով
Advertisement 1000 x 90

Նույնիսկ թեթեւ COVID-19-ից հետո ինսուլտի եւ սրտի նոպայի ռիսկն ավելանում է ավելի քան 50%-ով

Նույնիսկ COVID-19-ի թեթեւ ընթացքից հետո հիվանդների մոտ մեկ երրորդը երկարաժամկետ հետեւանքների է բախվում։ ԱՄՆ-ում անցկացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ COVID-19-ի նույնիսկ թեթեւ ընթացքը զգալիորեն մեծացնում է սրտանոթային իրադարձությունների ռիսկը նույնիսկ վատ սովորություններ չունեցող երիտասարդների մոտ։

Nature Medicine ամսագրում հրապարակված ուսումնասիրության մեջ Վաշինգտոնի համալսարանի գիտնականները վերլուծել են 153 700 վետերանների առողջական վիճակը, որոնց մոտ COVID-19-ը հաստատվել է։ Նրանց մեծ մասը (131 000-ը) հիվանդությունը թեթեւ է տարել։ Նրանց տվյալները համեմատվել են ավելի քան 5,6 միլիոն մարդու առողջության մասին տեղեկատվության հետ, ովքեր կորոնավիրուս չեն ունեցել, եւ եւս 5,8 միլիոն հիվանդի տվյալների հետ, որոնք մինչեւ 2019 թվականն են զննվել:

Medportal.ru-ն հայտնում է, որ արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ից հետո պացիենտների մոտ տարվա ընթացքում զգալիորեն աճել է 20 սրտանոթային հիվանդությունների զարգացման ռիսկը։ Այսպես, ապաքինված հիվանդների մոտ իշեմիկ ինսուլտի հավանականությունը միջինը 52%-ով բարձր է եղել՝ համեմատած վերահսկիչ խմբի հետ։ Սրտի իշեմիկ հիվանդության զարգացման ռիսկը վարակվելուց հետո աճել է 72%-ով, իսկ ինֆարկտների հաճախականությունը՝ 63%-ով։

Ամենաբարձր ռիսկը հայտնաբերվել է նրանց մոտ, ովքեր ունեցել են COVID-19-ի ծանր ձեւ եւ հոսպիտալացվել են, սակայն նույնիսկ կորոնավիրուսի թեթեւ ախտանիշներից հետո այն նշանակալի է եղել։ Ավելին, սրտանոթային հիվանդությունների զարգացման հավանականությունը բարձր է եղել նույնիսկ 65 տարեկանից ցածր տարիքի հիվանդների մոտ, որոնք քրոնիկ հիվանդություններ եւ վատ սովորություններ չեն ունեցել։

news.am