Առաջին անգամ մեդիան մեկտեղում է հայաստանյան ՏՏ և բիզնես համայնքները՝ 44-օրյա պատերազմի մասնակից, հաշմանդամ դարձած կամ պարզապես բանակից զորացրված երիտասարդների համար մասնագիտական կրթություն, ապա աշխատանք ապահովելու նպատակով։
Հայաստանում զրույցի նոր մշակույթ ձևավորած «Rearrange with Narek Amirkhanyan» փոդքասթն արդեն 2 տարեկան է։ Այդ առիթով փոդքասթի հեղինակ Նարեկ Ամիրխանյանը որոշել է հոբելյանական 75-րդ թողարկման մասնակցությունը աճուրդի հանել։
Աճուրդի արդյունքում հավաքված ամբողջ գումարը կփոխանցվի Armenian Code Academy, որտեղ բանակից զորացրված երիտասարդները կկարողանան 7-8 ամիս տևողությամբ դասընթացների մասնակցել և սովորել IT որևէ մասնագիտություն։ Առաջնահերթությունը տրվելու է 44-օրյա պատերազմի մասնակից և պատերազմի հետևանքով հաշմանդամ դարձած դիմորդներին։ Ուսման վարձը 400.000 ՀՀ դրամ է, սակայն նախաձեռնության շրջանակում դասընթացին դիմած երիտասարդները կստանան 50% զեղչ։ Աճուրդի հաղթող կճանաչվի այն կազմակերպությունը կամ անհատը, ով կհովանավորի առավել մեծ թվով երիտասարդների կրթությունը։
Նախաձեռնությանը միացել է նաև Hexact ընկերությունը, որն աճի արագ տեմպեր գրանցելուն զուգահեռ՝ պարբերաբար ընդլայնում է IT մասնագետների իր թիմը։ Ծրագրի շրջանակում Armenian Code Academy–ի դասընթացից հետո լավագույն արդյունքներ ցուցաբերած երիտասարդներն աշխատանքի կանցնեն Hexact ընկերությունում։ Նարեկ Ամիրխանյանը մյուս IT ընկերություններին ևս առաջարկում է հետևել Hexact-ի օրինակին։
Աճուրդը տևելու է փետրվարի 14-ից 21-ը։
* Արդեն 2 տարի հեռարձակվող «Rearrange with Narek Amirkhanyan» փոդքասթն ամեն շաբաթ նոր թողարկում է ներկայացնում՝ իրարից խիստ տարբեր, հետաքրքիր, բովանդակալից ասելիք ունեցող հյուրերով, թեմաները խիստ բազմազան են՝ զերծ քաղաքականությունից ու կոմերցիայից։ Միայն վերջին երեք ամսում փոդքասթի թողարկումները դիտել է 100.000-ից ավելի մարդ։
** «Hexact»-ի էկոհամակարգը բաղկացած է 3 հիմնական պրոդուկտից. Hexometer–ը 24/7 իրականացնում է կայքերի մոնիտորինգ և օգնում բարելավել դրանց աշխատանքը, Hexowatch-ն արհեստական բանականությամբ աշխատող օգնական է, որը մոնիտորինգի է ենթարկում ցանկացած կայքի տեսողական, բովանդակային, տեխնոլոգիական, հասանելիության, կոդի կամ գների առցանց փոփոխությունները և ծանուցում այդ մասին, Hexomatic-ն աշխատանքի ավտոմատացման հարթակ է, որը հնարավորություն է տալիս օգտագործել համացանցը որպես տվյալների սեփական աղբյուր, առանց ծրագրավորման գիտելիքների օգտագործել արհեստական բանականության ամենաբարդ ծառայությունները և մարդկային օգնականների թիմ` կրկնվող ու ժամանակատար առաջադրանքներն ավտոմատացնելու համար:
*** Armenian Code Academy-ն (ACA) կրթական կենտրոն է, որը հիմնադրվել է Երևանում 2015 թվականին։ Այն առաջարկում է կրթական ծրագրեր ինչպես սկսնակ էնտուզիաստների համար, որոնք ցանկանում են մուտք գործել ծրագրավորման աշխարհ, այնպես էլ փորձառու ծրագրավորողների, որոնք ցանկանում են ընդլայնել իրենց մասնագիտական հորիզոնները։