Ցինհուա համալսարանի, Պեկինի համալսարանի եւ Չինաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի գիտնականները նոր տեխնոլոգիա են մշակել, որը կարող է հայտնաբերել օդում կորոնավիրուսի տարածումը։ Այս տեխնոլոգիան արդեն փորձարկվել է 2022 թվականին Պեկինում Օլիմպիական խաղերի ժամանակ։
Ըստ China Daily-ի՝ կորոնավիրուսը հիմնականում փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով՝ փռշտոցի եւ հազի միջոցով, սակայն վիրուսը կարող է օդում հայտնվել նաեւ աերոզոլային մասնիկների միջոցով, ինչը հատկապես ակտուալ է փակ տարածքներում:
Չինացի մասնագետների մշակած գործիքը թույլ է տալիս արագ բացահայտել վիրուսի առկայությունը տարածքում։ Այն իրենից ներկայացնում է շարժական կոլեկտոր, որն ունակ է ներծծել օդը եւ աերոզոլային մասնիկները, որոնք կարող են կորոնավիրուս պարունակել։ Այնուհետեւ համակարգը լուծում է ստացված նմուշները հեղուկի մեջ, որից հետո դետեկտորը վերլուծում է բաղադրությունը։
Այս գործիքը, ըստ մշակողների, տասն անգամ ավելի զգայուն է, քան կորոնավիրուսների հայտնաբերման ստանդարտ գործիքները։
Առայժմ նոր համակարգը փորձարկվել է միայն Պեկինի Օլիմպիական խաղերում, սակայն հետագայում նախատեսվում է այն ներմուծել այլ հասարակական վայրերում՝ ներառյալ հիվանդանոցներ, երկաթուղային կայարաններ, օդանավակայաններ եւ այլն։