Ջեյմս Բաղյան․ Հին ու բարի երազանքի ասպետը, կամ՝ այնտեղ, որտեղ վերջանում է երկրի ձգողականությունը
Advertisement 1000 x 90

Ջեյմս Բաղյան․ Հին ու բարի երազանքի ասպետը, կամ՝ այնտեղ, որտեղ վերջանում է երկրի ձգողականությունը

Ապրել ու արարել, ճանաչել կյանքն ու աշխարհը, աշխարհ, որ գոյություն ունի անկախ մեր ճանաչողությունից, եւ ոչ թե նրան, այլ մեզ է պետք մերձենալ այդ աշխարհին` ինքներս մեզ բացահայտելու եւ մեզ տրված կյանքը վայելելու ու ոչ երբեք անիմաստ վատնելու կամ ի չարս գործադրելու…

Տարբեր են մարդկային տեսակները, հասկացողությունները` իրարամերժ. մեր ողջ պատմության ընթացքում առավել ոխերիմ ու բարբարոս թշնամի չենք ունեցել, քան թուրքի տեսակը, որ դժոխքը երկրի ընդերքից լույս աշխարհ հանել ու զմայլվում է դրանով… Թուրքիան միշտ հպարտացել է իր դաժանությամբ, ուրիշներին սպանելու կարողությամբ` այն դարձնելով սեփական բրենդը աշխարհում, դրա դիմաց առաջարկելու այլ բանի ունակ չլինելով. թուրք եւ մարդասպան բառերը վաղուց ի վեր դարձել են հոմանիշներ… Այսօր էլ Թուրքիան այդ առումով կենտրոնական դեմք է աշխարհում եւ պարծենում է իր բայրաքթարներով, որ ծառայեցնում է ոչ թե գիտությանը կամ, գոնե, ինքնապաշտպանությանը, այլ գործի դնում որպես ամենամարդատյաց զինատեսակներից մեկը, զուտ սպանելու համար… Իսկական դահճի հանգույն` Թուրքիան միշտ զբաղված է մարդասպան գործիքները փայլեցնելով ու կատարելագործելով եւ նորանոր զոհեր փնտրելով` խտրականություն չդնելով ո՛չ որեւէ ազգության, ո՛չ մարդկային որակի, ո՛չ փոքր ու մեծի, ո՛չ ուժեղի կամ անպաշտպանի միջեւ ու միշտ սիրալիր ժպիտը դեմքին` բարեկամության շողոքորթ հեգնանքով։ Թուրքական մարդասպան գործիքից փրկված յուրաքանչյուր մարդու կյանք` անկախ ազգությունից եւ աշխարհում ունեցած դիրքից, մարտահրավեր է դժոխային իշխանության անբարո գոյությանը, այն իշխանության, որ սեփական սերունդը կրթում ու դաստիարակում է մեն-մի «երազանքով» (իսկ ավելի ճիշտ` ծրագրով, քանզի չարը չի կարող երազանք լինել)` դահիճ դառնալ բոլոր ազգերի գլխին, ով թուրք կամ թրքահպատակ չէ, ու թեեւ աշխարհում գոյությունի ունի Թուրքիա ու թուրքական «երազանք», որ պարբերաբար իրականանում է այլ ժողովուրդների հանդեպ անպատմելի ոճրագործությունների արյունալի եղեռնագործությամբ, աշխարհում հազիվ թե գտնվի մի այլ ժողովուրդ, որ իր զավակի ապագան ցանկանա տեսնել դահճի կացնով զինված ինչ-որ ճիվաղի կերպարով…

Ինչպես ԽՍՀՄ-ում, գուցե եւ աշխարհում շատ-շատերը, այնպես էլ հայ երեխաներն էին երազում տիեզերագնաց դառնալ, նվաճել տիեզերքը, եւ միայն երազանքի իրականացման  բարդությունն էր, որ երազանքը տարիների ընթացքում «համեստանում» էր, դառնում ուսուցիչ, բժիշկ, ինժեներ, դերասան կամ ուղղակի լավ արհեստավոր, վարպետ։ Ջեյմս Բաղյանը, իհարկե, չի ապրել ԽՍՀՄ-ում կամ Հայաստանում, բայց նա էլ մանկությունից հայի երազանք ուներ` դառնալ տիեզերագնաց, եւ նա դարձավ հին ու բարի երազանքի ասպետը, առաջին հայը եւ այն քչերից մեկը, որ լքեց Երկրի ձգողականության դաշտը ու վայելեց տիեզերքի անսահմանության խորհուրդը։ Ջեյմսը Քունդեբաղյան տոհմից է, այս տարի լրանում է նրա ծննդյան 70-ամյակը. ծնվել է 1952 թ. փետրվարի 22-ին` ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ֆիլադելֆիա քաղաքում։ Երբ հորական պապը` Նազարեթ Քունդեբաղյանը, 1913 թ. Արեւմտյան Հայաստանի Արաբկիր քաղաքից տեղափոխվեց ԱՄՆ, այստեղ ներգաղթային ծառայության աշխատակիցները ազգանունը կրճատեցին` թողնելով Բաղյան վերջավորությունը։ Թուրքերի հայահալած քաղաքականությունը շատերին էր ստիպում լքել հայրենի ոստանը եւ ապաստան փնտրել օտար ափերում։ Մալաթիայից 1908 թ. ԱՄՆ էր գաղթել եւ Նազարեթի ապագա կինը` Սաթենիկը։ Մայրենիի, ազգայինի հանդեպ նախանձախնդիր Նազարեթը հինգ զավակներին հորդորում էր խոսել հայերեն եւ ընտանիք կազմել հայի հետ, եւ միայն Ֆիլիպը` Ջեյմսի հայրն էր, որ ամուսնացավ գերմանուհու` Ռոզայի հետ։ Ֆիլիպը Երկրորդ համաշխարհային պատերազմում ԱՄՆ ռազմաօդային ուժերի` կործանիչների օդաչու էր եւ իրականացրել էր 120 մարտական թռիչք։

Ջեյմսը ոգեւորված էր հոր օդային արկածներով, որ նա պատմում էր փոքրիկ որդուն, հենց այդ ժամանակ էլ տղան երազում է նվաճել երկինքը, ու երբ իրականանում է երազանքը, համեստորեն ասում է, թե իր բախտը պարզապես բերել է, քանի որ երազանքը` երազանք, բայց այն իրագործելն անհնար էր թվում։ Դեպի տիեզերք երկու թռիչք իրականացրած Ջեյմսը վստահ է, որ պետք է երազել մեծ բաների մասին` անկախ դրանց իրականանալու հնարավորությունից, քանզի ոչ ոք չգիտի, թե ինչի է ընդունակ, քանի դեռ չի փորձել, եւ, իսկապես, Ջեյմսի երազանքը պասիվ վիճակում չէր. լինելով հետաքրքրասեր, ապրում էր ակտիվ կյանքով, մարզում միտքն ու մարմինը, սովորում նպատակային ու եռանդուն։ Ֆիլադելֆիայի կենտրոնական միջնակարգ դպրոցից հետո Ջեյմսն ընդունվում է «Drexel» համալսարան, ստանում ինժեներ-մեխանիկի բակալավրի որակավորում։ Կրթությունը շարունակելով «Thomas Jefferson» համալսարանում, 1977 թ. պաշտպանում թեզ ու դառնում բժշկական գիտությունների դոկտոր, ձեռք բերում երազանքի ուղին հարթելու երկու շատ կարեւոր մասնագիտություն, որոնց տիրապետում է հրաշալի, սակայն երազանքի իրականացումը սոսկ հույսի  ճանապարհին էր, երբ հանկարծ…

Տիեզերագնացների խումբ հավաքելու մասին ՆԱՍԱ-ի հայտարարությունը թեւավորում է 24-ամյա երիտասարդին. առանց դույզն-ինչ վարանելու նա համարձակվում է մասնակցել մրցույթին եւ հաղթահարում է տարաբնույթ ու բավականին խիստ պահանջները, որ ներառում էին ոչ միայն կրթական բարձր ցենզ, այլեւ հոգեւոր ու բարոյական որակներ, նախասիրությունների, հետաքրքրությունների շրջանակ։ Եկավ ՆԱՍԱ-ում աշխատելու բաղձալի ժամանակը. 1980 թ. հուլիսն էր, որին նախապատրաստվել էր երկար տարիներ, մինչ այդ մասնակցել բազմաթիվ ավիացիոն մրցույթների (1974-1978), որպես ինժեներ աշխատել Բրիստոլի «3Մ» գործարանում (1973), ինժեներ մեխանիկ` ԱՄՆ ռազմածովային ավիացիոն փորձարարական կենտրոնում (1976-1978), որպես վիրաբույժ եւ բժիշկ-հետազոտող` Լեոնիդ Ջեքսոնի անվան կենտրոնում (1978), միաժամանակ ուսանել Տեխասի ԱՄՆ ռազմական ուժերի թռիչքային վիրաբուժության եւ ԱՄՆ ռազմական ուժերի ավիացիոն-տիեզերական բժշկության դպրոցներում։ Դեպի տիեզերք պատրաստությունը որքան տքնաջան, տեւական ու անհրաժեշտ էր, նույնքան էլ հաճելի. արդեն ՆԱՍԱ-ում աշխատելու ընթացքում Բաղյանը 1986 թ. ստանում է պրոֆեսիոնալ ինժեների, իսկ 1987-ին՝ տիեզերանավի բժշկի վկայագրեր, սակայն 1986 թ. նրան չեն վերցնում «Չելենջերի» անձնակազմ, ու, թերեւս, հենց այդ ժամանակ է բախտը հովանավորում Ջեյմսին, քանի որ «Չելենջերը» բռնկվում է թռիչքի 73-րդ վայրկյանում` ներքին վառելիքի բաքի պայթյունից. անձնակազմի բոլոր անդամները զոհվում են։ Ամիսներ անց հանձնաժողովը եզրակացնում է, որ աղետի գլխավոր պատճառներից է եղել ՆԱՍԱ-ում որոշում ընդունելու եւ կորպորատիվ մշակույթի բացակայությունը։ Հաջորդ թռիչքի թույլտվության համար անհրաժեշտ էր առավել լուրջ վերաբերմունք ու սխալների շտկում։ Հենց սա է պատճառը, որ Ջեյմս Բաղյանը տիեզերագնացի աշխատանքը համարում է կոլեկտիվ միասնության աշխատանք. ոչ մի տիեզերագնաց չի կարող միայնակ աշխատել ու իրագործել որեւէ թռիչք։

Այնուամենայնիվ, բախտի մասին դեռ պիտի խոսենք, քանի որ 1989 թ. արդեն «Դիսքավերի» տիեզերանավի անձնակազմում ընդգրկված Աննա Ֆիշերի փոխարեն թռիչքի ծրագրի №1 մասնագետ է նշանակվում Ջեյմս Բաղյանը, եւ մարտի 13-18-ն ընկած ժամանակամիջոցում իրականացված թռիչքն  ավարտվում է բարեհաջող, իրագործվում են առաջադրված խնդիրները։ Բաղյանի արձակած արբանյակները այսօր էլ ապահովում են կապը Երկրի հետ, իսկ բժշկական փորձարկումների հետեւանքով պատրաստված դեղահաբերը դրական ազդեցություն են ունենում տիեզերագնացների առողջության վրա. տիեզերանավում գտնվելու ժամանակ տիեզերագնացները սրտխառնուք, գլխապտույտ, ախորժակի կորուստ էին ունենում, բժշկական գիտությունների դոկտոր Բաղյանը հաջողությամբ է լուծում այդ խնդիրը։ Հաջորդը «Կոլումբիա»  տիեզերանավն էր, որի թռիչքը ավելի երկար տեւեց` 1991 թ. հունիսը 5-14-ը։ Ջեյմս Բաղյանը կրկին թռիչքի ծրագրի №1 մասնագետ էր, իսկ թռիչքի նախապատրաստական աշխատանքներին մասնակցում էին եւս երկու հայ` գլխավոր ինժեներ Ջոան Յաթեճյան-Պողոսյանը եւ դոկտոր Առնոլդ Նիկողոսյանը։ Այս թռիչքի ժամանակ Բաղյանին տրամադրեցին տեխնիկապես հագեցած կենսաբանական լաբորատորիա, որի շնորհիվ բժիշկը նոր բացահայտումներ արեց։ Տիեզերքի հետ շփվելիս, բացի մասնագիտական ձեռքբերումներից, Բաղյանը նաեւ մարդկային որակների մասին եզրակացությունների հանգեց. «Մարդու կամքն ու ստեղծագործական ուժը սահման չունեն, բայց նաեւ մարդկության ուժը միմյանց հետ համագործակցությունն է»: Տիեզերքը մարդուն դրդում է համեստության, սիրելու մեր փոքրիկ, գեղեցիկ մոլորակը եւ գնահատելու ամենաթանկ բանը` ժամանակը, քանի որ տիեզերանավում եղած օրերի ընթացքում դժվարանում է ասել, թե քանի անգամ է պատուհանից դուրս նայել. գայթակղությունների ժամանակ չկար…

Ջեյմս Ֆիլիպի Բաղյանը պարգեւատրվել է ՆԱՍԱ-ի մեդալով, տիեզերագնաց Կոմարովի անվան տիեզերագնացության միջազգային ֆեդերացիայի տիեզերագնացի դիպլոմով, տիեզերական հիվանդությունների բուժման մեթոդների մշակման, ինչպես նաեւ 1989 եւ 1991 թթ. տիեզերք կատարած թռիչքների համար` ՆԱՍԱ-ի մրցանակներով։

Ու այնուամենայնիվ, թեեւ իրականացել է տիեզերք թռչելու Ջեյմս Բաղյանի երազանքը, սակայն նրա համար դժվար է ապրել առանց երազանքի. ամենահեշտ իրագործելի երազանքը դեռեւս զիջում է ամենադժվար ու անհնար թվացողին. նա երազում է լինել Հայաստանում… Ամուսնացած լինելով ամերիկուհու հետ, չորս զավակների հայրը խոհանոցում ապահովում է մի փոքրիկ «Հայաստան»` ազգային կերակուրների համ ու հոտով` անձամբ պատրաստելով հայկական ճաշատեսակներ, հատկապես տոլմա, թեեւ Նազարեթի թոռը չի տիրապետում հայերենին, ինչպես որ ժառանգներին պատգամել էր պապը…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ