Նախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը
Advertisement 1000 x 90

Նախատեսվում է ընդլայնել ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում ստացող ուսանողների շրջանակը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը փետրվարի 22-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Գևորգ Պապոյանի, Միքայել Թումասյանի և Արուսյակ Մանավազյանի հեղինակած ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

Կառավարության առաջարկի հիման վրա լրամշակված նախաձեռնությունը ներկայացրել է Գևորգ Պապոյանը: Օրինագծով նախատեսվում է մինչև 2024 թ. հուլիսի 31-ը բուհերին հնարավորություն տալ 10 տոկոսի փոխարեն որոշ խմբերի ուսանողների ուսման վարձավճարները փոխհատուցել 20 տոկոսի չափով:

Հեղինակներն ակնկալում են, որ նախագծի ընդունումը հնարավորություն կտա նաև 2016 թ. Ապրիլյան և 2020 թ. 44-օրյա պատերազմներին մասնակցած և ուսանող համարվող էլ ավելի շատ թվով քաղաքացիների տրամադրել ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում: Նկատի է առնված այն հանգամանքը, որ 2024 թ. այդ ուսանողները պետք է իրենց ուսումն արդեն ավարտած լինեն:

Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Նախագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ նախատեսվում է ընդգրկել Ազգային ժողովի` մարտի 1-ին գումարվելիք հերթական նիստերի օրակարգի նախագծում:

 



Նման նյութեր