
ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն այցելել է Շիրակի մարզի «Արթիկ ՓԿՀ» և «Չեխ-Արմ-Ինվեստ» ընկերություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։ Հայաստանի տեքստիլ արդյունաբերության աջակցության ծրագրի շրջանակներում կատարված այցի ընթացքում փոխնախարարը շրջել է ընկերությունների տարածքով, ծանոթացել արտադրատեսակներին, արտադրական և մասնագիտական ներուժին։
Նորագույն տեխնոլոգիաները և սարքավորումները հնարավորություն են տալիս տեղական արտադրողին ոչ միայն ընդլայնել արտադրանքի տեսականին, այլև ավելի բարձր որակ ապահովել։
«Տեքստիլ արդյունաբերության ընկերությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների ընթացքում խոսվել է ոլորտի հիմնական խնդիրների մասին, որոնց թվում են նաև կադրերի ապահովումը և վերապատրաստումը»,- նշված է հաղորդագրության մեջ։
Փոխնախարար Գևորգյանն այցելել է նաև Արթիկի պետական քոլեջ՝ ծանոթանալու կադրային ապահովման գործընթացին։ Քննարկվել են ոլորտում որակյալ կադրերի պատրաստմանը նպաստելու հնարավորությունները։
Նախարարությունը հիշեցնում է, որ «ՀՀ տեքստիլ արդյունաբերության աջակցության» ծրագիրը մեկնարկել է 2022 թվականի հունվարին և իրականացվում է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ, ՎԶԵԲ աջակցությամբ և Գործարարության աջակցման գրասենյակի համակարգմամբ:
Ծրագիրն ուղղված է Հայաստանում կայուն և ներառական տեքստիլ արդյունաբերության զարգացմանը։ Նշենք, որ տեքստիլ արդյունաբերության զարգացումն ընդգրկված է Հայաստանի տնտեսության հիմնական ռազմավարական գերակայությունների շարքում: