Հայաստանում հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը տեղեկեցավ, որ նախորդ տարում արտադրվել է 263 հազար 571 տոննա հաց, իսկ 2020 թվականին՝ 268 հազար 546 տոննա:
Այսինքն՝ 4975 տոննայով պակաս: Մեզ պաշտոնական վիճակագրությունից հայտնի դարձավ, որ նախորդ տարի 2020 թվականի համեմատ առաջին անհրաժեշտության սննդատեսակի՝ հացի արտադրության ծավալները 1.8 տոկոսով են նվազել: Մասնագետների խոսքերով՝ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ. որքան պակասում է բնակչությունը, այնքան նվազում են առաջին անհրաժեշտության սննդատեսակի սպառման, դրա հետեւանքով արտադրության ծավալները։
Մյուս կողմից, նկատենք, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով` մշտական բնակչության թվաքանակի ցուցանիշն 2021 թվականին 2020 թվականի հետ համեմատ մշտական բնակչության թվաքանակը պակասել է 2300-ով: Անցյալ տարվա դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 961 հազար մարդ, մինչդեռ 2020-ին մշտական բնակվողների թիվը 2 մլն 963 հազար 300 էր: