Ռուսաստանը վաղ առավոտից հարվածներ է հասցնում ռազմական թիրախների, օդանավակայանների և տարբեր ենթակառուցվածքների Ուկրաինայի մի շարք քաղաքներում և մայրաքաղաք Կիևում։ Ըստ Ուկրաինայի զինված ուժերի՝ ոչնչացվել է ռուսական 7 ինքնաթիռ, չորս ուղղաթիռ, ավելի քան մեկ տասնյակ զրահատեխնիկա, 15 տանկ։ Ուկրաինական կողմը հաղորդում է ռուսական զինված ուժերի շրջանում շուրջ 100 զոհի, ինչպես նաև գերեվարվածների մասին։
Ուկրաինայի զինված ուժերն օգտագործում են թուրքական «Բայրաքթար» անօդաչուներ, որոնց միջոցով սահմանը հատելու փորձի ժամանակ խոցվել են ռուսական 5 զրահամեքենաներ և ավտոմեքենա։
Միևնույն ժամանակ ուկրաինական կողմը հաղորդում է, որ ռուսական ուժերին հաջողվել է գրավել Գենիչեսկ և Նովայա Կախովկա քաղաքները։ Համացանցում կադրեր և տեղեկություններ են տարածվել նաև այն մասին, որ ռուսական զորքերը գրավել են Խարկովը։ Մինչդեռ ուկրաինական կողմը հաղորդում է, որ Խարկովում խուճապ չկա, իրավիճակը լիովին վերահսկվում է Ազգային գվարդիայի կողմից։
Ռուսաստանը նաև դեսանտայիններ է իջեցրել Ուկրաինայի տարածք, նրանց կողմից գրավվել է Խերսոնում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկը։ Խերսոնի շրջանում ռուսական ուժերը գրավել են նաև Հյուսիսղրիմյան ջրանցքի գլխավոր շենքը։ Գրավվել է նաև Կախովկայի հիդրոէլեկտրակայանը։
Օդեսայի շրջանի Լիպեցկոյե գյուղի զորամասի վրա ռուսական հարվածի հետևանքով 22 մարդ է մահացել, այդ թվում՝ 11 կին։ 6 հոգու հաջողվել է փրկել փլատակների տակից։
Իսկ CNN-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդում է, ու ռուս դեսանտայիններն արդեն վերահսկողություն են հաստատել Կիևի օդանավակայանի վրա։ Ըստ թղթակցի՝ ուկրաինական ուժերը փորձում են հետ վերցնել օդանավակայանը։
Ռուսական կողմը հայտնում է, որ ուկրաինական բանակի զինվորականները զանգվածային կերպով լքում են զբաղեցրած դիրքերը։ Լուգանսկի ժողովրդական միլիցիան կադրեր է տարածել՝ համաձայն որոնց ուկրաինայի բանակի 57-րդ բրիգադի զինվորականները վայր են դրել զենքերը և հանձնվել։
Ռուսաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Մոսկվայում, Սանկտ, Պետերբուրգում, Եկատերինբուրգում ցույցեր են կազմակերպվել պատերազմը դադարեցնելու կոչով։ Հաղորդվում է տասնյակ ձերբակալվածների մասին։
В Екатеринбурге разогнали антивоенный митинг. pic.twitter.com/2x3TEV7JpD
— Большой Ух (@andreyar93) February 24, 2022