Կանադան և Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ՝ Ուկրաինայում ստեղծված իրավիճակի պատճառով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես ասել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, նոր սահմանափակումներն ազդում են մի շարք խոշոր ռուսական բանկերի վրա, նաև առանց հապաղելու արտահանման սահմանափակումներ են մտցվում։
Բայց Թրյուդոն չի հստակեցրել, թե որ բանկերը կենթարկվեն պատժամիջոցների։ Կանադայի կառավարության ղեկավարի խոսքով՝ նոր պատժամիջոցները «լայն ազդեցություն կունենան» և կխոչընդոտեն «Ուկրաինայում ռուսական օպերացիային»։
Իր հերթին Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռազմարդյունաբերական համալիրի մի շարք ռուսական պետական կորպորացիաների դեմ։
Վարչապետ Բորիս Ջոնսոնը, ելույթ ունենալով խորհրդարանում, ասել է, որ Լոնդոնն արգելում է «Աերոֆլոտին» գործել Մեծ Բրիտանիայում։
Նոր ցուցակում են հայտնվել «Ռոստեխը», «Միացյալ ավիաշինական կորպորացիան», «Միավորված նավաշինարարական կորպորացիան», «Մարտավարական հրթիռային սպառազինություն» կորպորացիան, «Ուրալվագոնզավոդը», ՎՏԲ-ն և «Աերոֆլոտ» ավիաընկերությունը: