Ռուսաստանի և Ուկրաինայի շրջանում այս պահի դրությամբ հայ տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան: Տեղեկությունը հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից` շեշտելով, որ ուշադրություն կենտրոնում են պահում տեղի հայության հետ կապված հարցերը:
Նշվում է, որ գրասենյակը ողջ օրվա ընթացքում կապի մեջ է եղել Կիևի, Օդեսայի, Խարկովի, Կոնստանտինովկայի, Մարիուպոլի, Դոնեցկի, Լուգանսկի, Մակեևկայի և այլ քաղաքների հայ համայնքային կառույցների և անհատների հետ։
«Այս պահի դրությամբ հայերի շրջանում տուժածներ, հայկական կառույցների ավերածություններ չկան: Բազմաթիվ ընտանիքներ նախօրոք մեկնել են պատերազմական թեժ գոտուց դեպի Ուկրաինայի կենտրոնական և արևմտյան շրջաններ, ինչպես նաև ՌԴ (հիմնականում՝ Դոնի Ռոստովի և Վորոնեժի նահանգներ)»,–նշված է հաղորդագրության մեջ:
Նշված քաղաքներում կան ինտերնետ կապի և այլ ենթակառուցվածքներից օգտվելու խափանումներ:
Ուկրաինայի օդային և երկաթուղային հաղորդակցությունը սահմանափակված է, իսկ ՌԴ մի շարք օդանավակայաններ՝ Դոնի Ռոստով, Կրասնոդար, Ստավրոպոլ, Վորոնեժ և այլն, ժամանակավորապես դադարեցրել են աշխատանքը:
«Մեր հայրենակիցներին խնդրում ենք կապ պահպանել Կիևում և Օդեսայում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների, ինչպես նաև Դոնի Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ»,–նշված է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հաղորդագրության մեջ:
Փետրվարի 24-ին, վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ որոշում է կայացրել Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին: Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա հայտարարել է, որ հանգամանքները պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի Ժողովրդական Հանրապետությունը դիմել է Ռուսաստանին` օգնության խնդրանքով:
Ռուսաստանի նախագահի խոսքով՝ արյունահեղության ողջ պատասխանատվությունը կրելու է Ուկրաինայում իշխող ռեժիմը: Նա կոչ է արել ուկրաինացի զինվորականներին չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքը և գնալ տուն:
Ավելի ուշ ՌԴ ՊՆ-ն ընդգծել է, որ Ռուսաստանի Զինված ուժերը ոչ մի հրթիռային, ավիացիոն կամ հրետանային հարվածներ չեն հասցնում Ուկրաինայի քաղաքներին. խոցման բարձր ճշգրտության միջոցներով շարքից դուրս են բերվում ռազմական ենթակառուցվածքները, ՀՕՊ օբյեկտները, ռազմական օդանավակայանները և ավիացիան: Նախարարությունում վստահեցրել են, որ քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում։