Clearview AI ընկերությունը մտադիր է վերբեռնել Երկրի յուրաքանչյուր բնակչի լուսանկարը դեմքերի ճանաչման տվյալների բազայում
Advertisement 1000 x 90

Clearview AI ընկերությունը մտադիր է վերբեռնել Երկրի յուրաքանչյուր բնակչի լուսանկարը դեմքերի ճանաչման տվյալների բազայում

Դեմքի ճանաչման տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող ամերիկայն Clearview AI ընկերությունը հայտնել է, որ պատրաստվում է մեկ տարվա ընթացքում իր տվյալների բազայում հավաքել մարդկանց դեմքերի 100 միլիարդ լուսանկար։ Ըստ այդմ, երկրի վրա ապրող յուրաքանչյուր մարդ այդ բազայում կունենա առնվազն 14 լուսանկար։

Ըստ ընկերության ներկայացուցիչների, դա պետությունների իրավապահ մարմիններին կօգնի հանցագործությունները հետաքննելու և հանրային անվտանգությունը բարելավելու գործում։

Ինչպես գրում է Washington Post-ը, Clearview AI-ի համար լուսանկարների հավաքագրման հիմնական աղբյուրը լինելու են սոցիալական մեդիան և տարբեր կայքերը, որտեղ տեղադրվում են մարդկանց լուսանկարները։ Ընդ որում, հավաքագրումը տեղի կունենա առանց նրանց համաձայնության:

ՏՏ ոլորտի առաջատար հսկաները՝ Facebook-ը, Google-ը, Twitter-ը և YouTube-ն անմիջապես արձագանքել են դրան՝ պահանջելով անհապաղ դադարեցնել չարտոնված հավաքագրումը և ջնջել փաստացի գողացված լուսանկարները: Ի պատասխան՝ Clearview AI ընկերության ներկայացուցիչները հայտնել են ընկերության գործողությունների օրինականության մասին՝ վկայակոչելով ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխությունը։

Որպեսզի ինչ-որ կերպ մեղմեն իրենց տվյալների հավաքագրման բազայի խիստ կասկածելի բնույթը, ընկերությունից պարզաբանել են, որ այն կօգտագործվի բացառապես «պետական ​​կառույցների և նրանց գործակալների կողմից»։ Խոսքն առաջին հերթին իրավապահ կառույցների մասին է։ Ըստ Clearview AI-ի գործադիր տնօրեն Հոան Տոն-Զեթի՝ տվյալների բազայի լուսանկարները «կարող են օգնել փրկել մարդկանց, ապացուցել նրանց անմեղությունը, կանխել սխալ նույնականացումը»:

2020 թվականի սկզբին ԱՄՆ համացանցային հսկաները Clearview AI ընկերության կտրականապես արգելեցին  օգտագործել իրենց կայքերի լուսանկարները, ինչը, սակայն, չխանգարեց ոստիկանությանը ակտիվորեն օգտագործել Clearview AI-ի հավաքագրած տվյալները 2021 թվականի հունվարին Սպիտակ տան շրջակայքում տեղի կատարված անկարգությունների մասնակիցներին բացահայտելու նպատակով։

Նշենք նաև, որ որոշ ընկերություններ, մասնավորապես՝ Airbnb-ն, Lyft-ը և Uber-ը, հետաքրքրություն են ցուցաբերում Clearview AI-ի տեխնոլոգիայի նկատմամբ և հույս ունեն դրա միջոցով կասեցնել իրենց հարթակների միջոցով կատարվող հանցագործությունները։

Հրապարակման պատրաստեց ita.am