ԱՊՊԱ-ի գների թանկացումն անխուսափելի էր՝ վթարների քանակի, վնասաբերության աճի հետ կապված, կարծում է «Վարորդի ընկեր» ՀԿ նախագահ Տիգրան Քեյանը:
Նրա խոսքով՝ որպեսզի համակարգը կայուն աշխատեր, սակագները պետք է փոխվեին:
«Այն վարորդները, ովքեր նախկինում վթարներ են ունեցել, իրենց դեպքում գների բարձրացում է եղել: Դասերի հաշվարկներն ու փոփոխություններն այնպես է կատարվել, որ շատ մեծ շեղումներ չլինեն: Տարբեր խմբերի համար մոտավորապես 1500-15.000 դրամի թանկացում է եղել: Բոնուս-Մալուս համակարգի փոփոխություն էլ է կատարվել՝ բարելավման որոշակի նորմերով: Բարելավում է եղել տաքսի ծառայություններ, ուղևորափոխադրում իրականացնողների դեպքում: Մինչև 10-րդ դաս գտնվող վարորդներինը 3000 դրամով չի թանկանում, դրանից բարձր գտնվողների դեպքում նոր թանկանում է:
ԱՊՊԱ համակարգը գնում է նրան, որ պետք է լրիվ ազատականացում լինի, այսինքն, ամեն ընկերություն պետք է ինքը որոշի սակագները: Այդ գործընթացն է ընթանում, իսկ սա անցումային տարի է: Տարեցտարի այն վարորդները, ովքեր որ վթար չեն ունենա, իրենց համար ավելի մատչելի է լինելու, և նորմերն ավելի են բարելավվելու: Ընկերությունները կսկսեն մրցակցել: Այդ մասով Կենտրոնական բանկի և ԱՊՊԱ բյուրոյի վերահսկողությունը չի թուլանալու, որպեսզի անհամաչափ գներ չսահմանվեն: Ամեն տարի ամեն ընկերություն պետք է սահմանի, թե ինչ ձևաչափով և ինչ սանդղակով է հաշվարկվելու: Ռիսկայնության չափանիշները պետք է ներկայացվեն, ուսումնասիրվեն, հաստատվեն, ապա նոր լինի ազատականացումը»,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնեց Տիգրան Քեյանը:
Նա անդրադարձավ նաև վարորդների դժգոհութուններին՝ կապված փոխհատուցումների հետ:
«Այո, դեպքեր եղել են, որ վատ են գնահատել, որոշումներն անհամաչափ են եղել, հենց դրա համար կա ԱՊՊԱ բյուրո, որտեղ զբաղվել են քաղաքացիների բողոքներով. որոշ մասինը ճշգրտվել է, որոշինը՝ ոչ: Դրա համար այս փոփոխության արդյունքում ավելի հետևողական են լինելու, որպեսզի նման դեպքերը գնալով նվազեն»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ փետրվարի 7-ից ԱՊՊԱ-ն թանկացավ 3000 դրամով: Այս մասին հունվարի 27-ին հաղորդագրություն էր տարածել Հայաստանի ավտոապահովագրական բյուրոն: Բոնուս-Մալուս համակարգի փոփոխություններն էլ կլինեն մարտի 1-ից: Այս որոշումն առաջացրել է վարորդների դժգոհությունը, քանի որ, ըստ նրանց, թանկացումն անհիմն է:
Հայտնենք, որ մոտ 382.000 վարորդի համար, որոնք գտնվում են 1-9 ԲՄ դասում, բեռը բարձրացել է 1500-ից մինչև 2900 դրամով: 10 ԲՄ դասում 3000 դրամով թանկացում կլինի մոտ 87000 վարորդի համար: 1-14 ԲՄ դասում՝ 6000-ից մինչև 9000 դրամով կթանկանա մոտ 62000 վարորդի համար: 15-22 ԲՄ դասում` մոտ 27000 վարորդի համար, կախված բարձր ռիսկայնությունից, որը հաշվարկվել է նախկին վթարների հաճախականությունից, կթանկանա մի փոքր ավելի շատ:
Անի Կարապետյան