Այսօր էկրան կբարձրանա «Գարուն ա…» գեղարվեստական լիամետրաժ ֆիլմը: «Գարուն ա․․․»-ն ֆիլմ է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների, միասնության, պետական մտածողության կերտման ու հայրենասիրության մասին՝ երեք սերունդների աչքերով:
ArmLur.am-ը զրուցել է դերասանուհի Մարջան Ավետիսյանի հետ: Դերասանուհին ֆիլմում առաջարկը ստացել է ռեժիսոր Ռոման Մուշեղյանից եւ դերասան Ալեքսանդր Խաչատրյանից. վերջինս ոչ միայն ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին է կերպավորել, այլ ֆիլմի պրոդյուսերն է:
–Մարջա՛ն, կներկայացնե՞ք Ձեր կերտած կերպարը: Ի՞նչ գաղափարախոսությունի ունի այն:
-Ֆիլմում մարմնավորել եմ գլխավոր հերոսի` Լեւոնի մոր կերպարը: Իմ կերպարը ինտելիգենտ, համեստ, խաղաղասեր, բարի, հայրենասեր հայ կին է. մանագիտությամբ՝ դաշնակահարուհի:
–Ի՞նչ դժվարություններ եւ բարդությունների առաջ եք կանգնել եւ ինչպես ե՞ք հաղթահարել:
-Ինձ համար յուրաքանչյուր անգամ կինոդիտողին ներկայանալը մեծ պատասխանատվություն է անկախ աշխատանքի ծավալից: Հեշտ չէր՝ հաշվի առնելով, որ ֆիլմը նկարահանվում էր քովիդի պայմաններում: Իսկ ինչ վերաբերվում է կերպարի բարդություններին, տանելի էր, հետաքրքիր ինքս ինձ բացահայտելու առումով:
–Ֆիլմը հայրենիքի, միասնության մասին է…
-Այս ֆիլմը հայրենիք ցանկանալ ունենալու մասին է, հայրենիքը սիրելու մասին է, հայրենիքը ինքդ քեզնից ու ամենքից վեր դասելու մասին է: Ֆիլմում հայի բոլոր տեսակներին անդրադարձ կա կերպարների տեսքով:
–Ի՞նչ եք կարծում, այսօր, այս դժվարին պատմական ժամանակահատվածում ինչի՞ կարիք եւ պահանջարկ ունի մեր հանրությունը:
-Սթափվելու:
–Պրեմիերան վաղն է լինելու, ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Հուսամ կարդարացնենք կինոդիտողի սպասումները: Գուցե նաեւ մի փոքր նպաստենք հանրության արթնացմանը:
Ամբողջությամբ՝ armlur.am