«Հացի լուրջ խնդիր է առաջացել. էլեկտրաէներգիա չի լինելու». ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել Ուկրաինայում ապրող հայերը
Advertisement 1000 x 90

«Հացի լուրջ խնդիր է առաջացել. էլեկտրաէներգիա չի լինելու». ի՞նչ խնդիրների առաջ են կանգնել Ուկրաինայում ապրող հայերը

Ուկրաինայի մի շարք քաղաքներում ապրող հայերը ստեղծված իրավիճակով պայմանավորված լքում են իրենց բնակության վայրերը, հիմնականում մեկնում են Եվրոպա։ NEWS.am-ի հետ զրույցում Խարկովում Հայաստանի պատվավոր հյուպատոսի օգնական Համլետ Հովհաննիսյանը պատմեց, որ իրավիճակը շարունակում է լարված մնալ։

«Այս պահին ամեն ընտանիք իր թաքստոցում է։ Որոշ ընտանիքներ էլ կան հայկական եկեղեցու նկուղային հարկում։ Այս պահին տարհանում չկա, յուրաքանչյուր ընտանիքն ինքն է որոշում՝ կարող է գնալ, թե՝ ոչ։ Հիմնականում են եվրոպական երկրներ են գնում. մարդիկ իրենց կյանքը վտանգելով՝ փորձում են դուրս գալ»,- նշեց նա։

Դոնեցկի մարզի հայերի միության ղեկավար Վահագն Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ դրությունը ճգնաժամային է հատկապես Մարիուպոլում.

«Մարիոպոլ քաղաքում այսօրվանից վնասվել է էլեկտրոցանցը, էլեկտրաէներգիա չի լինելու, հետեւաբար բնակարաններում ջեռուցում էլլ չի լինելու։ Հացի լուրջ խնդիր է առաջացել։ Աշխատում ենք այդ հարցը լուծելու ուղղությամբ։ Ալյուր ենք ճարել, պետք է լավաշ թխենք, բաժանենք։ Խուճապ կա, հայերը համախմբվել են, կապ են պահում իրար հետ։ Հայերից շատերը քաղաքը լքել են, բայց մեծ վտանգով։ Մոլդովիայի կողմ են հիմնականում գնում, մյուս կողմերից ճանապարհները փակ են»։

Այս քաղաքների համեմատ ավելի հանգիստ վիճակում է գտնվում Օդեսան, քաղաքում օդային տագնապի դեպքում մարդիկ իրենց տներում են մնում։

Մեզ հետ զրույցում Օդեսայի հայ համայնքի ղեկավար Աննա Գեւորգյանն ասաց, որ հայ համայքն այժմ ամեն ինչով պատրաստված է. «Եթե պետք լինի հավաքվել, հենց մեր մշակույթի կենտրոնում ենք հավաքվում։ Այստեղի բոլոր հայերի հետ կապի մեջ ենք։ Տարհանում կա հիմնականում երեխաների եւ կանանց շրջանում, բայց այդպես՝ մասսայական տարհանում չունենք»։

Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

news.am