Ուկրաինայի Նիկոլաև քաղաքում իրավիճակը բարդանում է. ռուսական զորքերը շրջապատում են քաղաքը։ Չորեքշաբթի առավոտյան այս մասին հայտարարել է Նիկոլաևի քաղաքապետ Ալեքսանդր Սենկևիչը, փոխանցում է Вести-ն։
Մինչդեռ Նիկոլաևի մարզային պետական վարչությունը հայտնել է, որ ռուսական դեսանտը վայրէջք է կատարել, գրում է korrespondent.net-ը:
Փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։
Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։
Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։